ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները. «Հրապարակ»

Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, որն ինքն իրեն 90 հազար դրամով պարգեւատրել էր, հետո գումարը հետ վերադարձրել բյուջե, շարունակում է արտառոց որոշումներ կայացրել:

Համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկացանք, որ նա համայնքի բյուջեից 2 հազար դրամ է դուրս գրել, դրանով ծաղիկ է գնել եւ 1804 թ. օգոստոսի 21-ի ռուս-պարսկական ճակատամարտում զոհված հայ եւ ռուս զինվորների հիշատակը հավերժացնող հուշարձանին է խոնարհել:

Համայնքապետի մեկ այլ որոշման մեջ կարդում ենք. «Շիրակամուտի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Հրանուշ Շիրակի Իվանյանի հետ 2021 թ. հոկտեմբերի 25-ին կնքված աշխատանքային պայմանագրի 7.1-ին կետում եւ Շիրակամուտ համայնքի ղեկավարի 2021 թ. հոկտեմբերի 25-ի թիվ 54-Ա որոշման 1-ին կետում նշված պաշտոնավարման ժամկետը երկարաձգել հինգ տարի ժամկետով՝ մինչեւ 2036 թվականի հոկտեմբերի 25-ը»։

Ըստ համայնքապետի՝ 2026 թվականից 5 տարով տնօրենի պաշտոնը երկարաձգելու դեպքում նա կպաշտոնավարի մինչեւ 2036 թվականը: Ի դեպ, այս «գրագետ» համայնքապետը պատրաստվում է առաջիկա ընտրություններին, որը կայանալու է նոյեմբերի 29-ին, ՔՊ-ն պատրաստվում է կրկին նրա թեկնածությունն առաջադրել:

Հ.Գ. Մեր զանգից հետո միայն 2036 թվականը կայքում դարձավ 2031 թվական:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: