Սպիտակ տանը ԱՄՆ-ն Բաքվին կանխավճար տվեց լոկ խաղաղության հայտարարությունների դիմաց, Երևանը հայտնվեց խոցելի վիճակում. Օ’Բրայեն
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Ադրբեջանը մեծ հաղթանակ տոնեց, Ամերիկան Բաքվին կանխավճար տվեց լոկ խաղաղության մասին հայտարարությունների դիմաց, մինչդեռ Հայաստանը հայտնվեց խոցելի վիճակում, պնդում է նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը, որը ԱՄՆ նախորդ նախագահի՝ Ջո Բայդենի վարչակազմում զբաղվում էր հենց հայ-ադրբեջանական խաղաղության ու ապաշրջափակման հարցերով, գրում է Ազատությունը:
Արտաքին հարաբերությունների Եվրոպական խորհրդի համար հրապարակած ծավալուն հոդվածում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նշում է՝ այս պայմանավորվածությունների կարևորագույն տարրը Հայաստանի համաձայնությունն է՝ բացել իր տարածքի 43 կիլոմետրը Միացյալ Նահանգների կողմից կառավարվող միջանցքի համար, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանին: Փաստելով, որ վաշինգտոնյան արարողությունը խաղաղության ուղղությամբ էական քայլ է, Օ’Բրայենը գրում է՝ հակամարտության հիմնական պատճառը, սակայն, չի լուծվել, պարզապես հետաձգվել է: «Իմ դիվանագիտական փորձառությունը ցույց է տալիս, որ միջազգային խաղացողները այսօրինակ արարողություններից հեռանում են՝ արձանագրելով միայն այն, թե որքան շատ բան է արվել, մինչդեռ կողմերը մնում են այն ամենի հետ, ինչին հնարավոր չի եղել հասնել»։


