շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Սպասում ենք ոստիկանության պարզաբանմանը. Զոհրաբյանը՝ ակտիվիստներին բերման ենթարկելու մասին

Սպասում ենք ոստիկանության պարզաբանմանը. Զոհրաբյանը՝ ակտիվիստներին բերման ենթարկելու մասին

«Հանրային պահանջով» ժամանակին գնդակահարում էին փողոցներում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այսօր ՎԵՏՕ-ի ու Ադեկվադ-ի անդամներին բերման ենթարկելուն:

Նա, մասնավորապես, գրել է. «Իրավապահների յուրաքանչյուր գործողություն երկաթյա հիմնավորում պիտի ունենա, այլապես, այդ գործողություններից ինչի հոտ ասես կարող է գալ։
Հուսանք, որ առաջիկա ժամերին կստանանք պաշտոնական պարզաբանում քաղակտիվիստներին նման կերպ բերման ենթարկելու հետ կապված։

Ինչ վերաբերում է օդ նետված մի արտահայտության, թե այդ ձերբակալությունները հանրային պահանջ էին, հույս ունեմ, որ «հանրային պահանջի բարձրաձայնիչները» խնդիր չեն դրել մեզ տեղափոխել էն ժամանակները, երբ հեղափոխական տրոյկաների անունից ու հանրային պահանջով փողոցներում մարդկանց էին գնդակահարում։
Սպասում ենք ոստիկանության պարզաբանմանը»։

Հիշեցնենք, որ այսօր բերման են ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Նա ավելի ուշ ազատ է արձակվել։ Բերման են ենթարկվել նաև «Ադեկվադ» միաբանության համահիմնադիրներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը, միաբանության մի քանի անդամներ, որոնք ևս ավելի ուշ ազատ են արձակվել։

  • Կիսվել: