ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելը չի նվազեցնում ադրբեջանական հնարավոր հարձակման հավանականությունը. Տիգրան Աբրահամյան

ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելը չի նվազեցնում ադրբեջանական հնարավոր հարձակման հավանականությունը. Տիգրան Աբրահամյան

ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը, առաջին հերթին, ուղղված է Զինված ուժերի մարտունակության բարձրացմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«ՀԱՊԿ-ի ֆորմատում այն ուղղված է ոչ միայն մարտունակության բարձրացմանը, այլ նաև՝ զորքերի ներդաշնակեցմանը», - ասաց նա:

Ըստ Աբրահամյանի՝ Ռուսաստանի քայլը՝ զորավարժություններ այս տարի Հայաստանում անցկացնել, ունեցել է քաղաքական նշանակություն ու հիմք՝ պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակով:

«Ես սա որոշակի սատարման քայլ եմ դիտարկում», - ասաց նա:

ՀՀ իշխանությունների՝ այս շրջանում զորավարժությունները Հայաստանում ոչ նպատակահարմար համարելու որոշումն ընդդիմադիր պատգամավորի համար ընկալելի չէ:

«Ակնհայտորեն, սպառնալիքները Հայաստանի ու Արցախի գլխին մեծանում են,  ու ՀՀ իշխանությունների քայլը՝ հրաժարվել այս կամ այն  զորավարժություններից, որևէ ձևով չի նվազեցնում  ադրբեջանական  հնարավոր հարձակման հավանականությունը: Ավելին ասեմ՝  եթե Ադրբեջանը  նման նպատակ ունենա, հաստատ առիթը կգտնի ու այդ  զորավարժությունները չէ, որ կաշկանդելու կամ նրա համար հնարավորություն են ստեղծելու», - ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:

  • Կիսվել: