ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սոչիում փոխըմբռնում կար. Փաշինյանը՝ եռակողմ հանդիպման մասին

Սոչիում փոխըմբռնում կար. Փաշինյանը՝ եռակողմ հանդիպման մասին

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Սոչիում կայացած հանդիպմանը փոխըմբռնում կար տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի վերաբերյալ, սակայն,  ըստ նրա, հետագայում ադրբեջանական կողմը խախտեց պայմանավորվածությունները։

Փաշինյանն այսպես մեկնաբանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` վերջերս արած արտահայտություններն այն մասին, որ հայկական կողմը պետք է նշի, այսպես կոչված, ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ բացման ժամկետները։

՛՛Սոչիում փոխըմբռնում կար, և այն ամենը, ինչ ասել եմ այն ժամանակ, վերահաստատում եմ այսօր։ Եվ այն, ինչ ասել եմ, երեկ իր հայտարարության մեջ հաստատել է ՀՀ ԱԳՆ–ն։ Ես այդ դիրքորոշումն եմ արտահայտել, և այդ դիրքորոշման շուրջ են եղել պայմանավորվածությունները՛՛,-ասաց ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26–ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։

Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։ Հայտարարվեց, որ պայմանավորվել են մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։

 

  • Կիսվել: