հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Սիրիայում մենք հայ համայնք ունենք, որի ճակատագրով անհանգստացած ենք. Փաշինյան

Սիրիայում մենք հայ համայնք ունենք, որի ճակատագրով անհանգստացած ենք. Փաշինյան

Միջազգային ասպարեզում Թուրքիայի հետ համագործակցության արդեն շատ կոնկրետ փաստեր ունենք. կարծում եմ՝ ակնհայտ է, որ, օրինակ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ընտրություններում մենք համագործակցության շատ կոնկրետ օրինակ ունեցանք: Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա լավ օրինակ է, ինչը ցույց է տալիս, որ այն հարցը, որը դուք բարձրացնում էիք կապված ապագայի հետ, այսօր արդեն իրողություն է։

Ինչ վերաբերում է երրորդ երկրներին, այդտեղ առանձնահատկությունն այն է, որ իհարկե այդ երրորդ երկրների ինքնիշխանությամբ մենք, բնականաբար, սահմանափակված ենք և երրորդ երկրների գործերին միջամտելու մասին բնականաբար չէ խոսքը: Բայց, իհարկե, մենք հետաքրքրված ենք, թե նույն Սիրիայի հարցում, որտեղից ցավոք, որոշ անհանգստացնող լուրեր նորից սկսեցին գալ, ինչպե՞ս կարող ենք համագործակցել։ Նման խոսակցություն նույնպես կա Հայաստանի և Թուրքիայի միջև, շատ ծավալուն խոսակցություն չէ, բայց այնուամենայնիվ՝ այո, այդ օրակարգը կա:

Ակնհայտորեն, Սիրիայում մենք հայ համայնք ունենք, որի ճակատագրով անհանգստացած ենք: Ցավոք, վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների բերումով շատերը ստիպված եղան լքել Սիրիան: Բայց այսօր էլ հայ համայնք կա այնտեղ, և Լիբանանում էլ մենք հայ համայնք ունենք, և մենք ջանքեր գործադրում ենք, որպեսզի տեսնենք՝ ինչ կարող ենք անել այդ երկրներում մեր համայնքների համար հնարավորինս լավ պայմաններ ապահովելու համար, այն, ինչ մեր հասանելիության տիրույթում է: Իսկ կոնկրետ դեպքում Թուրքիայի հետ այդ ուղղություններով աշխատելու՝ Սիրիայի հետ կապված, մենք ունեցել ենք կոնկրետ քննարկումներ և խոսակցություններ, և եթե ոչինչ չխանգարի, կունենանք նաև համագործակցության կոնկրետ դրսևորումներ»,-ասաց նա:

 

  • Կիսվել: