չորեքշաբթի, հուլիս 17
17 / 7 / 2024
Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը քաղաքական առաջնահերթություն է. Գերմանիայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին

Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը քաղաքական առաջնահերթություն է. Գերմանիայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Գերմանիա եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում ներդրված ջանքերի համար եւ ընդգծել փոխգործակցության կայուն զարգացման կարեւորությունը:

«ՀՀ Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ խորհրդարանական բազմաշերտ համագործակցությունն ու պատգամավորական ակտիվ փոխայցերը, խորհրդարաններում բարեկամական խմբերի առկայությունը, անխոս, վկայությունն են մեր երկրների միջեւ բարձր մակարդակի երկխոսության»,- նշել է ԱԺ նախագահը:

Վիկտոր Ռիխտերը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ հաստատված փոխգործակցությունը եւ ընդգծել, որ միջխորհրդարանական շփումներն առանցքային դերակատարում ունեն հարաբերությունների խորացման հարցում:

Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը:

Վիկտոր Ռիխտերը վերահաստատել է ԳԴՀ հանձնառությունը՝ աջակցել խաղաղության շուրջ բանակցությունների գործընթացին:

«ՀՀ-ում ընթացող բարեփոխումները եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը քաղաքական առաջնահերթություն են»,- նշել է դեսպանը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Գերմանիա համագործակցության ընդլայնման հեռանկարների եւ ընթացիկ ծրագրերի շուրջ: Կարեւորվել է փոխգործակցությունը մշակութային, կրթական, տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում։

  • Կիսվել: