ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շվեդիայի կառավարությունն օժանդակում է թավշյա հեղափոխությանը. Շվեդիայի դեսպան

Շվեդիայի կառավարությունն օժանդակում է թավշյա հեղափոխությանը. Շվեդիայի դեսպան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։
 
Նախարարը, ողջունելով դեսպանին, կարևորել է միջազգային գործընկերների, դեսպանատների հետ համատեղ աշխատանքը: Նախարարն ընդգծել է, որ առաջիկայում ճանապարհաշինության, այլ ենթակառուցվածքների կառուցման բավական համարձակ ծրագրեր են նախատեսվում, և այդ հարցում վստահաբար կզգացվի միջազգային գործընկերների խորհրդատվության, աջակցության անհրաժեշտությունը:
 
Դեսպան Պատրիկ Սվենսոնը նախ շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ, ապա ընդգծել, որ Հայաստանը բավական ծանր տարի է անցկացրել պատերազմով պայմանավորված և հույս հայտնել, որ առկա խնդիրները լուծում կստանան՝ հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահների ակտիվ ներգրավվածությունը:
 
Դեսպանը նշել է, որ Շվեդիան այս տարի նախագահում է ԵԱՀԿ-ում, և ակնկալվում է համանախագահների ավելի խոր ներգրավվածություն:
 
Շվեդիայի կառավարությունն օժանդակում է թավշյա հեղափոխությանը և Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը: Հետևաբար իրենց ներկայացվածությունը և ծրագրերը Հայաստանում ավելանալու են և լինելու են շարունակական:
 
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին փոխանցել համայնքների խոշորացման, միգրացիայի, ճանապարհաշինության և ճանապարհային անվտանգության ոլորտներում Շվեդիայի կուտակած փորձը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

  • Կիսվել: