կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք․ Լենա Նազարյան

Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք․ Լենա Նազարյան

Մենք իմացանք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկով ու Ալիևի համաձայնությամբ հոկտեմբերի 19-20-ին առաջարկ է եղել թույլ տալ, որ Շուշի վերադառնան փախստականները, որոնց մեծ մասն ադրբեջանցիներ են: Այս մասին ԱԺ-ում լրագրողներ հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Լենա Նազարյանը:

«Ուզում եմ հիշեցնել, որ Շուշին ԼՂԻՄ-ի մաս է: Երբ հայկական կողմը տեսել է, որ դրությունը ռազմաճակատում ծանր է, փաստացի համաձայնվել է 7 շրջանների վերադարձին, բայց Ալիևը դրան գումարել է նաև Շուշին: Դա է եղել պատմությունը:

Հայկական կողմը, քննարկելով այդ հարցը, մտածել է, որ անընդունելի է Շուշին հանձնելը: Փաստացի դա նշանակում է Շուշիի հանձնում, քանի որ եթե Շուշի վերադառնում են փախստականները, որոնց 80 տոկոսն ադրբեջանցիներ են, դա նշանակում է հանձնել Շուշին: Ուստի հայկական կողմը որոշել է շարունակել պայքարը, ինչի մասին ասաց նաև ՌԴ նախագահը:

Հայկական կողմը մտածել է, որ ռազմական հաջողություն, բեկում կունենա: Շուշին բերդաքաղաք է, ռազմաքաղաքական ղեկավարությունը մտածել է, որ այդ հատվածում կարող ենք ունենալ ռազմական հաջողություն, ինչը տեղի չի ունեցել: Այդ հայտարարությունը հնարավոր է եղել ընդունել հենց Շուշիի անկման ժամանակ: Այդ պահից սկսած պարզ է դարձել, որ հնարավոր չէ ունենալ ռազմական հաջողություն: Այդ իրավիճակում յուրաքանչյուր հաջորդ զոհ չէր լուծելու որևէ ռազմական խնդիր: Միայն այդ պայմաններում հնարավոր եղավ այդ հայտարարության ստորագրումը»,- ասաց նա և հավելեց, որ  եթե հոկտեմբերի 19-20-ին Հայաստանն ու Արցախը համաձայնվեին ադրբեջանցի փախստականների վերադարձին Շուշի, այսօր իրենց մեղադրելու էին Շուշին հանձնելու մեջ։

«Հիմա էլ են մեղադրում, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք»,- շեշտեց փոխխոսնակը։

  • Կիսվել: