հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Շինհրապարակներն աղբանոցի են նման, քան գործունեություն ծավալողի տեսակի. Փաշինյանը խոսեց նաև բեռնատարների կշռում սահմանելու մասին

Շինհրապարակներն աղբանոցի են նման, քան գործունեություն ծավալողի տեսակի. Փաշինյանը խոսեց նաև բեռնատարների կշռում սահմանելու մասին

Հիմա մենք ասում ենք, պարծենում ենք, հաշվետու ենք լինում, որ այսօր ճանապարհաշինարարության որակը շատ ավելի լավ է, քան երեք տարի առաջ, բայց պետք է արձանագրենք, որ այս որակը, որ այսօր ունենք, մենք այդ որակից ընդհանրապես բավարարված չենք, մենք պետք է անգամներով որակը բարձրացնենք։ Այս մասին այսօր Կառավարության  նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ իհարկե լավ կլինի, որ օտարերկրյա ընկերություններ կան, մրցույթներին մասնակցեն` իրենց հետ բերելով նոր մշակույթ, ստանդարտներ, բայց այս ամեն ինչի արդյունքում պետք է մեր ընկերություններն էլ շինարարություն իրականացնեն այլ երկրերում:

«Ամբողջ փոփոխությունները բերելու են նրան, որ շինարարական ընկերությունների ստանդարտներն է փոխվելու: Մինչև հիմա ՀՀ-ում շինարարության նկատմամբ կա խորհրդային միության ժամանակ «պադրաչիկ» բառի ձևախեղված ձևը՝ «փոդրաչի»: Մեր շինհհրապարակները ցավոք սրտի շատ հաճախ աղբանոցի են նման, քան գործունեություն ծավալողի տեսակի: Մենք պետք է ստանդարտը բարձրացնենք` բանվորի հագուստից, նրա աշխատանքային օրվա և իրավունքների պաշտպանությունից սկսած, մեր նպատակը պետք է լինի բովանդակային փոփոխությունները: Այն երկրում, որտեղ բանվորի նկատմամբ կա քամահրական վերաբերմունք, դա լուրջ բովանդակային պրոբլեմ է»,-ասաց նա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանուն արդարության նշեց, որ տեխհսկսողության ոլորտում չենք հասել նրան, ինչին ձգտում ենք, և այս ուղղությամբ աշխատանք ունենք դեռ անելու: Նա բարձրացրեց ծանրաքաշ մեքենաների խնդիրը:

«Այդ ծանրաքաշ մեքենաները մեր ճանապարհների որակի վրա էական նշանակություն են ունենում և հատկապես ամռանը, երբ ջերմաստիճանը բարձրանա, կարող ենք բազում խնդիրներ ունենալ»,-ասաց նա:

Վարչապետը լուծում համարեց բեռնատարների կշռման կետեր հիմնադրումը:

  • Կիսվել: