ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան

Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան

Նախորդ տարեվերջին տեղի ունեցած վթարից հետո ՀԷՑ-ի «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում ավարտին են մոտենում նոր ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները. տեղում կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան։ Այս մասին տեղեկացնում են ՀԷՑ-ից։

«Վթարի հետևանքով հոսանքազրկվել էին Երևան քաղաքի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների ավելի քան 50000 բաժանորդներ, որից շուրջ 40000 բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել էր 24 ժամվա ընթացքում, իսկ մոտ 11000-ինը՝ 48-52 ժամվա ընթացքում։ Սպառման բեռի կտրուկ ավելացման հետևանքով լրջորեն վնասվել էին ենթակայանի բնականոն աշխատանքն ապահովող կենսական նշանակության ենթակառուցվածքները, մի շարք սարքավորումներ, բարձր լարման բջիջներ և մալուխային գծեր։ Հրդեհը մարելուց անմիջապես հետո ենթակայանում տեղադրվել էին 6 կՎ լարման 23 նոր բջիջներ, դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող հոսանքի, անհրաժեշտ ենթակառուցվածքների և ենթակայանը սնող նոր մալուխագծերի միացումներն իրականացվել էին ժամերի ընթացքում՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու նպատակով։

Առաջացած խնդիրներին ժամանակավոր լուծում տալու նպատակով ենթակայանին կից կառուցվել է ժամանակավոր ենթակայան, որտեղ տեղադրվել է 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումը (ՓԲՍ), այդ թվում՝ բջիջները։ Սնուցումն ապահովող մուտքային մալուխները ևս տեղափոխվել են, իսկ ելքային մալուխների տեղափոխման աշխատանքները, որոնք ապահովում են ենթակայանից դեպի բաշխիչ ցանց էլեկտրաէներգիայի մատակարարումը, ավարտին են մոտենում։ Ժամանակավոր բջիջներն ամբողջությամբ լարման տակ կդրվեն ընթացիկ ամսվա վերջին։

Էրեբունի վարչական շրջանում հզորությունների ավելացման և ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացման նպատակով ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել նոր՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան ենթակայան, որը համալրված կլինի գերժամանակակից սարքավորումներով։ Նոր ենթակայանի նախագծման, ինչպես նաև անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումների գնման գործընթացն արդեն մեկնարկել է։ Եվրոպական արտադրության սարքավորումները Հայաստան ներկրելուց հետո կմոնտաժվեն արտադրող կազմակերպության կողմից, մնացած շինարարական աշխատանքները կիրականացվեն ՀԷՑ-ի սեփական ռեսուրսներով։

Վարդաշենի նոր ենթակայանի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել ամիսների ընթացքում, որից հետո գործող ժամանակավոր ենթակայանը կապամոնտաժվի՝ վերականգնելով ենթակայանի տարածքն ու ենթակառուցվածքները նախագծային լուծումներին համապատասխան։ Տեղակայվող նոր փակ բաշխիչ սարքավորումների թողունակությունը 30%-ով ավելի է նախկին սարքավորումներից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: