չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շինարարները լկտի վերաբերմունք են դրսևորում համայնքային սեփականության նկատմամբ. Կամո Արեյան

Շինարարները լկտի վերաբերմունք են դրսևորում համայնքային սեփականության նկատմամբ. Կամո Արեյան

Գործակարգավարական նիստի ընթացքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դիմեց «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցչին ու արտահայտեց իր դժգոհությունը աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ:

«Ձեզ մոտ բա՞ն է փոխվել, խողովակների փոխարինման միակ նորմալ կազմակերպողը ձեր կազմակերպությունն էր, ու նման խնդիր չէր լինում: Կիևյան-Օրբելի խաչմերուկից ավազը բերված, լցված է, վրան ոչ մի ծածկ չկա, նշանները գետնին տապալված են, քամին էլ տալիս է, ավազն այս ու այն կողմ տանում»,- ասաց քաղաքապետը:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ նշեց.

«Ձեր ասած տեղը Կիևյան 7 հասցեն է: Իրենց կապիտալ ծախսերով աշխատանք են կատարում: Առաջին նախազգուշացումն արել եմ մեկ շաբաթ առաջ: Այստեղ խնդիրն այլ է, կխնդրեի շատ հստակ ձևակերպենք պատասխանատվությունը: 12 վարչական շրջանի ղեկավար ունի ստորագրած պայմանագիր «Վեոլիա ջրի», ՀԷՑ-ի, «Գազպրոմի» և կապի հետ: Պայմանագիրը վերաբերում է վթարավերականգնողական անհետաձգելի աշխատանքներին և նոր կոմունիկացիաների անցկացման ոչ հետաձգելի աշխատանքներին:

Պայմանագրում հստակ գրված են բոլոր պայմանները, տեխնիկական առաջադրանքի բոլոր պահանջները, այդ թվում՝ շինհրապարակի կահավորումը: Պարո՛ն քաղաքապետ, խնդրում եմ ձեր հանձնարարականը՝ վարչական շրջանների ղեկավարները 180 աստիճան պտտվեն և կատարեն իրենց պատասխանատվությունը այս պայմանագրի վերահսկողության նկատմամբ:

Պայմանագրի չկատարման վարչական պատասխանատվությունը կրում է կատարողը, իսկ վարչական տուգանք նշանակելու իրավունքը տրված է վարչական շրջանի ղեկավարին:

Խնդրեք, որ բոլորը վերանայեն իրենց մոտեցումները և հստակ կատարեն իրենց պարտականությունները, վերջին աստիճանի պատժելի վերահսկողություն սահմանեն մատակարար կազմակերպությունների նկատմամբ: Բոլոր մատակարարներն ունեն այս խնդիրը: Շատ դեպքերում դրանց շինարարները լկտիացել են: Բոլոր շինարարները լկտի վերաբերմունք են դրսևորում համայնքային սեփականության նկատմամբ»:

  • Կիսվել: