երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՇՀԿ-ն պահպանում է համապարփակ անվտանգության ունիվերսալ կառույցի համբավը․ միջազգայնագետը ՇՀԿ-ՀՀ փոխգործակցության հեռանկարի մասին

ՇՀԿ-ն պահպանում է համապարփակ անվտանգության ունիվերսալ կառույցի համբավը․ միջազգայնագետը ՇՀԿ-ՀՀ փոխգործակցության հեռանկարի մասին

Շանհայի համագործակցության  կազմակերպության (ՇՀԿ) հեղինակությունը գնալով մեծանում է, որն այսօր իրական հայտ է ներկայացրել՝ դառնալու առանձին բևեռ միջազգային հարաբերություններում։ Կառույցի դերակատարության մեծացմանն անշուշտ նպաստում է նաև ԲՐԻԿՍ-ի գործոնը, որում ընդգրկված են գրեթե նույն հիմնադիր անդամները։   

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով ՇՀԿ-ի գագաթնաժողովին և բազմաբևեռ աշխարհում նրա դերակատարությանը։ 

«ՇՀԿ-ի գրավչությունն այն է, որ կազմակերպությունը կարողանում է պահպանել ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համապարփակ անվտանգության ապահովման ունիվերսալ կառույցի համբավը։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ օրինակ՝ Հնդկաստանն ու Պակիստանը կազմակերպության անդամ դառնալուց առաջ համարվում էին թշնամի երկրներ, իսկ դրանից հետո սահմանային բախումներ նրանց միջև գրեթե չեն եղել, այսինքն՝ ՇՀԿ-ում հնարավոր է եղել հարթել սուր տարաձայնությունները՝ խուսափելով ռազմական էսկալացիայից։ Պատահական չէ, որ բազմաթիվ երկրներ հայտ են ներկայացրել կառույցին անդամագրվելու համար, որովհետև նրա հետ են կապում իրենց ֆիզիկական, տնտեսական ու մշակութային անվտանգության ապահովումը»,- ասաց Բալասանյանը։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն այսօր նույնպես ակտիվորեն փորձում է սերտ հարաբերություններ հաստատել ՇՀԿ-ի ու ԲՐԻԿՍ-ի երկրների հետ՝ վարելով սեպարատ բանակցություններ, որպեսզի շահագրգռի նրանց չհրաժարվել դոլարիզացիայից և ամբողջությամբ չխզել կապերը Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաև բացահայտ կերպով դատապարտել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ Դրան հակառակ, ազդեցիկ կշիռ ունեցող Հնդկաստանն ու Չինաստանն ունեն իրենց պետական շահերը՝ շատ լավ հասկանալով, որ վերոհիշյալ երկու կազմակերպություններն ունեն իրական հնարավորություններ՝ ազատվելու ԱՄՆ-ի գերիշխանությունից ու դոլարի ազդեցությունից, և, որ պակաս կարևոր չէ, նվազեցնել տարածաշրջանային գործընթացներում Վաշինգտոնի դերակատարությունը։

«Հետևելով Հնդկաստանի և Չինաստանի օրինակին՝ լատինամերիկյան, աֆրիկյան ու մերձավորարևելյան տարածաշրջանների բազմաթիվ երկրներ ցանկություն են հայտնում դառնալու վերոհիշյալ ԲՐԻԿՍ-ի անդամ, ինչն իր հերթին նշանակում է ԱՄՆ-ի հեգոմոնիայի զգալի կրճատում, որի տնտեսությունը, շատերի պնդմամբ, արդեն առաջնային դիրք չունի աշխարհում»,- նշեց միջազգայնագետը։ 

Բալասանյանի համոզմամբ՝ վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի Հայաստանը նույնպես ակտիվացնի համագործակցությունը ՇՀԿ-ի ու ԲՐԻԿՍ-ի հետ՝ լիիրավ ադամ դառնալու նպատակադրությամբ, որովհետև մեր երկիրը տնտեսական առումով հնարավորություն կունենա լայն շուկաներ ու ծանրակշիռ գործընկերներ ձեռք բերել իր հետագա զարգացման համար։

«Մեր պարագայում անվտանգային բաղադրիչը նույնպես կարևոր է, առավել ևս, որ Շանհայի կազմակերպությունն այդ առումով էլ ապացուցել է իր կենսունակությունը, հետևաբար նրան ադամակցելը ոչ միայն վնաս չէ, այլև զգալի օգուտ կարող է բերել փոքր Հայաստանին»։

  • Կիսվել: