երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Շատ եմ ուզում, բայց չեմ հավատում խաղաղությանը.  Թովմասյան

Շատ եմ ուզում, բայց չեմ հավատում խաղաղությանը. Թովմասյան

 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ընդգծեց, որ ամենաշատն է ուզում, որպեսզի խաղաղություն հաստատվի տարածաշրջանում, սակայն չի հավատում, որ Ադրբեջանի նման պետության հետ հնարավոր է խաղաղության հասնել։

 Թագուհի Թովմասյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝  անդրադառնալով հարցին, թե ներկա պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը ի՞նչ արդյունք կարող է ունենալ։

«Ես՝ որպես սահմանամերձ շրջանի բնակիչ, այս մոլորակի վրա ամենաշատն եմ ուզում, որ հաստատենք խաղաղություն և ապրենք իրապես խաղաղության մթնոլորտում, բայց իշխանությունը որքան շատ է խոսում խաղաղության մասին, այնքան մենք ավելի շատ ենք ստանում ագրեսիա թշնամու կողմից։ Ես Վարդենիսում շատ հաճախ լսում եմ կրակոցներ, նույնիսկ դրանք անվանում եմ «խաղաղության» կրակոցներ,  և այդ «խաղաղության» կրակոցների տակ գիշերում են սահմանամերձ շրջանի բնակիչների մեծամասնությունը։ Հաշվի առնելով այս իրողությունը՝ ես ուղղակի չեմ հավատում այդ խաղաղությանը։ Շատ եմ ուզում, բայց չեմ հավատում։ Չեմ հավատում, որ որևէ փաստաթղթի ստորագրումից հետո անգամ դա կպահպանվի, որովհետև մենք դրա փորձն ունենք»,- ասաց Թովմասյանը։

Անդրադառնալով Ադրբեջանում 32 հայ գերիների հայրենիք վերադարձին՝ Թովմասյանը նշեց՝ ուրախ է, որ գերիները վերադառնում են, սակայն ցավալի է համարում այն փաստը, որ ցուցակում չկա Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական որևէ ներկայացուցիչ։

  • Կիսվել: