Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Այս շարժումը փողոցում լինելու է, կազմակերպչական լայն ռեսուրսների ներգրավում է լինելու: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:
«Բոլոր ոլորտային պատասխանատուները, ներկայացուցիչները էլ ավելի կազմակերպված միջոցներով ներգրավվելու են շարժման մեջ, լինելու են խոսնակներ նաեւ: Մենք անդրադառնալու ենք մեր հասարակության թե ներքին, թե արտաքին մարտահրավերներին: Շարժումը որոշակիորեն դառնալու է օրակարգ թելադրողը մեր երկրում:
Առաջիկա ամիսներին որեւէ կերպով հրապարակը չենք լքելու: Դրա փորձառությունը մենք ունենք՝ Սուրբ Աննա եկեղեցին, որը նաեւ միջոց է մեզ համար արագ արձագանքման իմաստով, նաեւ միմյանց տեսնելու: Հրապարակային պայքարը շարունակվելու է բնականաբար: Այն ողջ Հայաստանի տարածքով է տարածվելու: Մենք պետք է դառնանք թելադրողը մեր կյանքի բոլոր խնդիրներում»,-ասաց նա:
Անդրադառնալով պայքարի մարտավարությանը, Սրբազանն ասաց. «Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են: Իմպիչմենթից շատ է խոսվել, առաջին պահանջը դարձել է հրաժարականը, սակայն չի բացառվում մնացած բոլոր հնարավոր եւ անհնար քաղաքական լուծումները: Մեզ համար կարեւորը իրավական ճանապարհով արդյունքին հասնելն է: Թե այս ընթացքում մարտավարությունն ինչպիսին կլինի, շարժման թիմն ինքը կորոշի:
Գրեթե բոլոր քաղաքական գործիչները ներգրավված են, իրենց հետ միշտ խորհրդակցություններ լինում են:



