հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շարունակում եմ խորհրդակցել մասնագետների և նախկինում բանակցությունների մասնակցածների հետ. Ռուբինյան

Շարունակում եմ խորհրդակցել մասնագետների և նախկինում բանակցությունների մասնակցածների հետ. Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ դեմ չէ քննադատությանը, բայց միաժամանակ կարևոր է համարում, որ այն լինի կառուցողական և ոչ պարզապես աղմկահարույց: 

«Ամենևին չեմ կիսում այն տեսակետը, որ ես՝ որպես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ, պետք է լինեմ անձեռնմխելի կամ անքննադատելի: Հակառակը, ես կարծում եմ, որ քննադատությունը և քննադատության իրավունքը լավագույն բաներից են, ինչ մեզ հետ եղել են վերջին տարիներին: Հրավիրում եմ բոլորին քաղաքական և բովանդակային քննադատության ենթարկել թե՛ մեր քաղաքականությունը, թե՛ իմ քաղաքականությունը և գործողությունները, թե՛ իմ համեստ անձը»,- ասաց Ռուբինյանը:

Նա անդրադարձավ նաև պատգամավորներից մեկի հարցին, թե արդյոք իր գործառույթների իրականացման հարցում իր հետ կա՞ աշխատանքային խումբ:

«Այո՛, կա՝ կազմված դիվանագետներից և արտգործնախարարության աշխատակիցներից: Արդյոք ես խորհրդակցե՞լ եմ մասնագետների և նախկինում բանակցողների կամ բանակցությունների մասնակցածների հետ, այո՛, իհարկե խորհրդակցել եմ և շարունակում եմ խորհրդակցել»,- նշեց Ռուբինյանը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև «ազդեցության գործակալների» թեմային: 

«Ինձ համար մեր քաղաքական դաշտի կամ մեր պետության վերջին տասնամյակների գլխավոր քաղաքական պրոբլեմը քաղաքական երեսպաշտությունն է: Ես խնդիր ունեմ այն բանի հետ, որ քաղաքական ուժերը, կախված կոնֆիգուրացիայից, տարբեր քաղաքական դիրքորոշումներ են ստեղծում, և զգայուն թեմաները, վախը, ցավը փորձում են կապիտալացնել: Հիմա դուք անում եք ինձ համար շատ սպասելի մի բան՝ ինձ փորձել սպեկուլյացիաների, մանիպուլյացիաների միջոցով ներկայացնել որպես կասկածելի կապերով անձ: Հասկանո՞ւմ եք՝ մարդիկ ինչքան են հոգնել ամեն օր լսելուց՝ թուրք, դավաճան, գործակալ: Ազգային ժողովում բոլորը դարձել են «գործակալ բացահայտող», «թուրք բռնող», «դավաճան անվանարկող»»,- ասաց Ռուբինյանը:

Ռուբինյանը կոչ արեց բոլորին մտնել բովանդակային դաշտ: 

«Ես և մեր քաղաքական ուժը կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների»,- ասաց Ռուբինյանը:

  • Կիսվել: