հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ-ում քննվող մի գործով

Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ-ում քննվող մի գործով

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հերյուրանք ու ապատեղեկատվություն է համարում լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկատվությունը, թե Սարգսյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել։

«Բացարձակ ապատեղեկատվություն է, թե պարոն Սարգսյանը մեղադրվում է նոր քրեական գործի շրջանակներում», -InfoPort.am-ին տեղեկացրեց Մակինյանը։

Նա ասաց, որ Սերժ Սարգսյանն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ:

Նշենք, որ այսօր «Առաջին լրատվական»-ը տեղեկություն էր տարածել, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ մեկ այլ քրեական գործ կա, բացի ներկայումս Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող դիզվառելիքի գործից։ Լրատվամիջոցը գրել էր, որ նախկին նախագահի նկատմամբ նոր քրեական գործը վերաբերում է գործարարներից մեկի կողմից նրան 7 մլն դոլար առձեռն կաշառք տալուն։ Մինչդեռ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը InfoPort.am-ին ավելի վաղ փոխանցել էր, որ Սարգսյանին առնչվող մի քանի քրեական վարույթներ կան։

«Ընդամենը կարող եմ ասել, որ ներկայում Սերժ Սարգսյանին առնչվող քրեական վարույթներ կան, սակայն լրացուցիչ տեղեկատվություն այս պահին չենք տրամադրում», - փոխանցեց Աբրահամյանը։

  • Կիսվել: