հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը կշարունակվի փետրվարի 26-ին. Դատավորը անցավ խորհրդակցական սենյակ

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը կշարունակվի փետրվարի 26-ին. Դատավորը անցավ խորհրդակցական սենյակ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը ավարտվեց, դատավոր Վահե Միսակյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Իսկ միջնորդությունը վերաբերում է այս քրեական գործով մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելուն:

Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի ներկայացրած միջնորդության հիմքը անվստահություննէր դատախազ Մարտիրոսյանի նկատմամբ.

«Ծանոթանալով սույն քրեական գործի նյութերին, պաշտպանության կողմի մոտ մեղադրողի անաչառության, անկողմնակալության, անկախության նկատմամբ, մեղադրողի կողմից այս քրեական գործով ինքնուրույն գործելու, զանազան կողմնակի ազդեցություններից, ճնշումներից զերծ մնալու, ենթադրություններով չառաջնորդվելու կարողությունների մասին ողջամիտ կասկածներ են հարուցվել» ։

Ավելին, ըստ Մակինյանի, դատախազը չի արձագանքել իրենց ներկայացրած բողոքներին՝ նախաքննական մարմնի խախտումների մասին և նույնիսկ ինքն է թույլ տվել խախտումներ:

Թվարկելով նախաքննական մարմնի կողմից թույլ տված խախտումները, Մակինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումը կայացվել է մինչև քննչական գործողություններ կատարելը, ինչից կարելի է ենթադրել, որ հարցաքննությունը և նախկին նախարար Սերգո Կարապետյանի առերեսումը կրել է ձևական բնույթ։

«Նույնիսկ կարող եմ ասել, որ քննիչը համոզված է եղել, թե ինչ ցուցմունք է տալու առերեսում տված անձը»,-հավելեց պաշտպանը։

Սարգսյանի մյուս փաստաբան Ռուբեն Հակոբյանն էլ իր հերթին ընդգծեց, որ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն ապօրինի է։

«ՀՀ երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը կազմված է մեկ ապացույցի՝ մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, հակասական, անտրամաբանական, մի մասն էլ՝ անթույլատրելի»,- շեշտեց նա:

Դատախազ Արսեն Մարտիրոսյանը առարկեց ներկայացրած միջնորդությանը:

  • Կիսվել: