հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սերգո Կարապետյանին դատարանում դիմավորեցին «ա-մոթ» վանկարկումով

Սերգո Կարապետյանին դատարանում դիմավորեցին «ա-մոթ» վանկարկումով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստի մեկնարկից առաջ դատարանի դահլիճում գյուղատնտեսության նախկին նախարար, գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանին քաղաքացիները դիմավորեցին՝ «ա-մոթ» վանկարկումներով:

Ըստ մամուլի հրապարակումների, Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիման վրա է մեղադրանք առաջադրվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին: Նիստը նախագահող դատավոր Վահե Միսակյանի հարցադրումների միջոցով ճշտվեց ամբաստանյալների ինքնությունը, ինքնաբացարկի միջնորդություններ չհայտնվեցին:

Նկատենք, որ այս գործով ընդհանուր առմամբ 5 մեղադրալ կա։

Սերժ Սարգսյանից բացի, մեղադրանքներ են առաջադրվել նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին, փոխնախարար Սամվել Գալստյանին, վարչության պետ Գևորգ Հարությունյանին, գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին։ Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ այն բանի համար, որ նա 2010թ․ դեկտեմբերի 31-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով ՀՀ գյուղատնտեսության նախարար, այսինքն՝ ՀՀ կառավարության անդամ, պաշտոնատար անձ, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, 2013թ․ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, իր տեղակալ Սամվել Գալստյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով պաշտոնատար այլ անձանց հետ դիտավորությամբ խմբի կազմում կատարել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում։

  • Կիսվել: