ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սերգեյ Կոպիրկինն այցելել է Վայոց ձորի մարզ

Սերգեյ Կոպիրկինն այցելել է Վայոց ձորի մարզ

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Վայոց ձորի մարզ։ Այցի մասին մարզպետարանի տարածած հաղորդագրությունում նշված է․

«Հոկտեմբերի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սերգեյ Կոպիրկինին։

Պատվիրակության կազմում էին նաև դեսպանի խորհրդական Ա. Նովիկովը, «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վ. Կարապետյանը, Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վ․ Ֆեֆիլովը:

Հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում մարզում ստեղծված հումանիտար իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Հատուկ ուշադրություն են դարձրել կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում իրականացվող ծրագրերին և շարունակական համագործակցությանը։

Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք բարձր գնահատեցին հետագա համագործակցության և համատեղ նախագծեր մշակելու և իրականացնելու պատրաստակամությունը և վստահություն հայտնեցին, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և ընդլայնել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները»։

  • Կիսվել: