ՍԴ-ից ամենակեղտոտ ձեւերով կրակում են նոր Հայաստանի վրա, բայց մենք էլ ունենք մեր կրակելիք բաժինը. Կոնջորյան
Այսօր ՍԴ-ն դարձել է քաղաքական շահերի սպասարկման օջախ, դարձել է նախկին կոռումպացված ռեժիմի վերջին բաստիոնը նոր Հայաստանի դեմ պայքարում, և այդ բաստիոնից ամենակեղտոտ ձեւերով կրակում են նոր Հայաստանի վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
«Յուրաքանչյուրս ունենք ընդամենը մեկ փամփուշտ հին Հայաստանի ուրվականին գլխից այն աշխարհ ուղարկելու համար: Այդ պատկերավոր փամփուշտը մեկ քվեն է, որ այն մեկ քվեն մենք ցանկանում ենք տալ ձեզ»,-հայտարարեց Կոնջորյանը:
Նա նաեւ փոխաբերական համեմատություն արեց՝ նշելով.
«Եկեք պատկերացնենք, որ ձեր երիկամում քար կա, դուք գնում եք բժշկի ու ասում եք՝ երիկմիս քարը խնդրում եմ հեռացրեք. Ձեզ տանում են վիրահատարան, անզգայնացնում են, վիրահատությունն անցնում է, դուք ձեր աչքերը բացում եք, ձեզ ասում են, որ վիրահատությունը հրաշալի է անցել;: Հետո դուք վերադառնում եք տուն, սկզբում ամեն ինչ նորմալ է, հետո հասկանում եք, որ ինչ-որ տարօրինակ բաներ են տեղի ունենում, որ այնքան էլ լավ չեք զգում: Վերադառնում եք հիվանդանոց, ստուգում են եւ տեսնում, որ ձեր մի երիկամը չկա: Քարն էլ չկա, բայց երիկամն էլ չկա:
Դուք գնում եք եւ ասում՝ հարգելի բժիշկ, ուր է իմ երիկամը, եւ բժիշկն ասում է՝ ինչպես թե ուր է, չասացի՞ք քարը հանի, ես էլ հանել եմ: Հիմա այս դրվագում բժկի պահվածքը մասնագիտակա՞ն վեճ է, ընթացակարգային խախտո՞ւմ է, բժշկական սխալմո՞ւնք է, բարոյական խնդիր է, քաղաքական խնդի՞ր է, թե՞ հանցագործություն է»: