ՍԴ դատավորների հարցը «Իմ քայլը» առաջարկում է լուծել համաժողովրդական հանրաքվեի միջոցով
Սահմանադրական դատարանի նախագահի և անդամներին պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախագիծը ներառում է նաև հարցը հանրաքվեով լուծելու հնարավորություն:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը առաջին ընթերցմամբ չի ընդունելու այս նախագիծը և Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու որոշումը:
«Սա ուղղակի ուղիղ ժողովրդավարության կիրառւմ է, մեր քաղաքական ուժի համոզմունք ու հավատամքն է: Մենք հավատում ենք մեր ժողովրդին ու մենք ասելիք ունենք մեր ժողովրդին, լսելիք ունենք մեր ժողովրդից», հայտարարեց Հովակիմյանը:
Նկատենք, որ 37 պատգամավորներ առաջարկում են փոփոխել Սահմանադրության 213-րդ հոդվածը և պաշտոնանկ անել ՍԴ նախագահին ու ևս 6 դատավորների, այսինքն՝ նրանց, որոնք ՍԴ անդամներ նշանակվել են մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելը: