հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՍԴ անդամները վատ դրության մեջ կընկնեն հանրաքվեի հարցը իրենց ուղարկելու դեպքում. Վլադիմիր Վարդանյան

ՍԴ անդամները վատ դրության մեջ կընկնեն հանրաքվեի հարցը իրենց ուղարկելու դեպքում. Վլադիմիր Վարդանյան

 Հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի ընդունած որոշումը խորհրդարանի համապատասխան գրությամբ պետք է ներկայացվի ՀՀ նախագահին: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

«Նախագծի ընդունմանը հաջորդելու է Ազգային ժողովի համապատասխան գրությունը, որով ԱԺ որոշումը կներկայացվի Հանրապետության նախագահին: Նախագահն օրենքով սահմանված ժամկետում կնշանակի հանրաքվե: Դրանից հետո գործընթացին կմիանան այն սուբյեկտները, որոնք պատասխանատու են հանրաքվեի կազմակերպման և անցկացման համար, և կանցկացվի հանրաքվե»,- ասաց Վարդանյանը:

Հարցին, թե արդյոք հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշման համար անհրաժե՞շտ է Սահմանադրական դատարանի որոշումը, թե ոչ, Վարդանյանը նշեց, որ հստակ կանոնակարգումներ չկան այս հարցի վերաբերյալ:

«Հստակ կանոնակարգումներ չկան՝ Սահմանադրական դատարանի եզրակացություն այս հարցի վերաբերյալ անհրաժեշտ է, թե ոչ: Տվյալ հարցում, իմ կարծիքով, ՍԴ 7 անդամներն ունեն շահագրգռվածություն, և ինչ-որ առումով վատ դրության մեջ կդնենք նրանց, եթե հարցը փոխանցվի Սահմանադրական դատարան՝ եզրակացության»,- նշեց պատգամավորը:

Հիշեցնենք՝ փետրվարի  6-ին կայացած  ԱԺ արտահերթ  նիստում խորհրդարանը  որոշեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ  անդամներ պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի։

  • Կիսվել: