շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՍԴ 9 դատավորներից առնվազն 3-4-ը լինելու են ընդգծված լևոնտերպետրոսյանականներ. Ովքեր են նրանք

ՍԴ 9 դատավորներից առնվազն 3-4-ը լինելու են ընդգծված լևոնտերպետրոսյանականներ. Ովքեր են նրանք

«Փաստ» թերթը գրում է. «Դեռևս մինչև հանրաքվեի մասին որոշման ընդունումը «Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ իշխանությունները ոչ միայն կենաց-մահու կռիվ են տալու ՍԴ յոթ դատավորներից ազատվելու համար, այլև արդեն իսկ սկսել են ՍԴ ապագա դատավորների թեկնածուների «քասթինգը»:

Հիմա արդեն, երբ իշխանությունները ահռելի ֆինանսական ռեսուրսներ են ներդնում հանրաքվեի համար, սկսել են կոնկրետ մի քանի անուններ շրջանառվել:

Մասնավորաբար, մեր տեղեկություններով, ակտիվորեն շրջանառվում են Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի, ԱԺ «իմքայլական» պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի անունները: Եթե գումարենք ժամանակին ինքն իրեն ՍԴ նախագահ հռչակած, ութ ամիս աշխատանքի չգնացած, բայց բարձր աշխատավարձ ու պարգևավճարներ ստացած Վահե Գրիգորյանին, ապա վերոնշյալ սցենարի դեպքում ՍԴ 9 դատավորներից առնվազն 3-4-ը լինելու են ընդգծված լևոնտերպետրոսյանականներ: Ինչու առնվազն, որովհետև մեր աղբյուրները պնդում են, որ շրջանառվող այլ անունների մեջ ևս նշմարվում են այս թիմի անդամներ:

Սակայն բանն այն է, որ հենց «Իմ քայլը» խմբակցության և ընդհանրապես ՔՊ ներսում, մեղմ ասած, միանշանակ չեն վերաբերվում նշված թեկնածուներին, հատկապես Եգորյանին ու Ջհանգիրյանին:
 

Նրանք կարծում են, որ Վահե Գրիգորյանին հազիվ են «մարսում», գոնե մյուսները պետք է որքան հնարավոր է ապաքաղաքականացված մասնագետներ լինեն: Իշխանության վերին էշելոններում, սակայն, մեր տեղեկություններով, հանգստացրել են «շարքերին»՝ ասելով, որ դեռ որևէ որոշում չկա, քանի որ նախ՝ հանրաքվեի արդյունքները շատ անորոշ են, հետո՝ եթե նույնիսկ «Այո»-ն հաղթի, վստահելի, հավատարիմ, անվերապահ կատարող մարդիկ են պետք լինելու ՍԴ-ում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: