ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
Պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը կնպաստի կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետների ներգրավմանը․ Էդուարդ Աղաջանյան

Պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը կնպաստի կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետների ներգրավմանը․ Էդուարդ Աղաջանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ողջունում է պետական պաշտոնյաների և ծառայողների վարձատրության համակարգը վերանայելու՝ Կառավարության նախաձեռնությունը՝ ակնկալելով, որ այն կնպաստի պետական կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետների ներգրավմանը։

 Աղաջանյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ հարցին։

«Պետական կառավարման համակարգը մշտապես ունեցել է բարձրակարգ մասնագետների ներգրավման խնդիր։ Այդ խնդիրն առավել սրված է դարձել հեղափոխությունից հետո, որովհետև համակարգում աշխատանքի տրամաբանությունն արմատապես փոխվել է։ Համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել, և մոտիվացիոն համակարգերն ու շղթաներն ամբողջությամբ փոխվել են։

Այն աշխատավարձերը, որոնք փաստացի եղել են, պետական կառավարման համակարգը դարձրել են ոչ հետաքրքիր բարձրակարգ մասնագետների համար։ Մենք արդեն ութ տարի կառավարման ղեկին ենք, և կարծում եմ՝ ութ տարի անց այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է։ Ես ողջունում եմ Կառավարության որոշումը և վստահ եմ, որ այն համապատասխան արդյունք կունենա՝ բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքով»,- ասաց Աղաջանյանը։

Պատգամավորը նշեց, որ բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների և մասնավոր հատվածի մի շարք այլ ոլորտներում բարձրակարգ մասնագետների աշխատավարձերը զգալիորեն բարձր են, ինչի պատճառով պետական համակարգում առկա է նրանց ներգրավելու խնդիր։

Անդրադառնալով պատգամավորների աշխատանքի արդյունավետության գնահատմանը՝ Աղաջանյանն ընդգծեց, որ գործադիրում նախատեսվող կատարողականի գնահատման ցուցանիշները խորհրդարանականների նկատմամբ գրեթե հնարավոր չէ կիրառել։

«Պատգամավորի գործունեության արդյունավետության գնահատականը պետք է տա Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ընտրությունների միջոցով։ Համապատասխան պատգամավորներն իրենց կարողություններով, այդ թվում՝ ելույթների որակով, կարժանանան ժողովրդի գնահատականին՝ հետագայում մանդատ ստանալու կամ չստանալու տեսքով»,- նշեց նա։

Աղաջանյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթը դեռ չի հասել Ազգային ժողով, և «Քաղաքացիական պայմանագիր»-ը դրա վերաբերյալ վերջնական որոշում չունի։

 

  • Կիսվել: