ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սառեցնել համայնքների խոշորացման ծրագիրը, վերականգնել Մշակույթի նախարարությունը, ունենալ անցանելի ճանապարհներ. «Հայաստան» դաշինքի ծրագիրը

Սառեցնել համայնքների խոշորացման ծրագիրը, վերականգնել Մշակույթի նախարարությունը, ունենալ անցանելի ճանապարհներ. «Հայաստան» դաշինքի ծրագիրը

Հայաստանում առողջապահական համակարգն ամբողջովին համահունչ և ածանցյալ է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին՝ գտնվում է խորը ճգնաժամի մեջ։ Այս մասին ՛՛Հայաստան՛՛ դաշինքի ծրագիրը ներկայացնելիս ասաց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՛՛Հայաստան՛՛ դաշինքի անդամ Արմեն Չարչյանը՝ ներկայացնելով իր քաղաքական ուժի՝ առողջապահության ոլորտին վերաբերող ծրագրային դրույթները։

Նա ասաց, որ իրավիճակից դուրս գալու համար իրենք առաջարկում են մշակել առողջապահության զարգացման ազգային ծրագիր։ ՛՛Անվճար և բարձրորակ բուժօգնությունը հասանելի կդառնա ծերերին և զոհված հերոսների ընտանիքներին։ Առողջապահության ոլորտում կներդրվի կառավարման ավտոմատացված համակարգ։ Անվճար բուժօգնության հիմնական թիրախը պետք է լինի սոցիալապես անապահով խավը։ Բժշկական ապահովագրությունը պետք է լայն ընդգրկվածություն ստանա։ Յուրաքանչյուր մարզում կձևավորվի բարձրակարգ կադրերով և տեխնիկայով բուժկենտրոն՛՛,- ասաց նա։

Ծրագրի դրույքներից մյուսը վերաբերում էր մշակույթին, որը ներկայացրեց ՀՅԴ անդամ, ՛՛Հայաստան՛՛ քաղաքական դաշինքի անդամ Լիլիթ Գալստյանը:

Նա վստահեցրեց, որ վերականգնելու են Մշակույթի նախարարությունը:

Գալստյանը, անդրադառնալով ներկայիս իշխանությունների՝ մշակույթի ոլորտում իրականացրած քաղաքականությանը, նկատեց՝ երեք տարի առաջ, երբ օպտիմալացման պատրվակով կրթության, գիտության, սպորտի և սփյուռքի նախարարությունները միավորվեցին, արդեն ակնհայտ էր դառնում, որ ազգային ինքնության և պետականության պահպանման համատեքստում չի գիտակցվում և չի կարևորվում մշակույթի դերակատարությունը։

Նրա խոսքով՝ այդ կարճամիտ վերաբերմունքը հետևում է մնալու, որովհետև իշխանության է գալու մի թիմ, որն ունի մշակույթի դերի համակողմանի արժևորում և պատրաստվում է այն հանրային գիտակցության մասը դարձնել։

Անդրադարձ եղավ նաև աշխատատեղերի ստեղծմանը: Ֆինանսական և բանկային խորհրդատու Ալեքսանդր Խաչատուրյանն ասաց, որ իրենք ստեղծելու են այնպիսի աշխատատեղեր, որոնք ապահովելու են մեր և մեր ընտանիքների անդամների բարեկեցիկ կյանքը։

Նա նշեց. ՛՛Մշակել ենք և իրականացնելու ենք պետություն-մասնավոր գործընկերության ծրագրեր։ Մենք կենտրոնանալու ենք օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա։ Բարելավելու ենք գործարար միջավայրը, բիզնեսի մրցունակությունը բարձրացնելու համար ընդլայնելու ենք պետական աջակցության և սուբսիդավորման գործիքակազմը։ Մենք ավարտին ենք հասցնելու ամբողջական թվային կառավարության ձևավորումը՛՛:

Դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանն էլ անդրադարձավ ճանապարհների խնդրին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մի քանի միջպետական, ինչպես նաև՝ համայնքային ճանապարհները հայտնվեցին թշնամու նշանառության, առանձին դեպքերում՝ վերահսկողության տակ։ Այս պայմաններում պետք է կատարել հսկայածավալ աշխատանք՛՛

Համաչափ զարգացած պետություն ունենալու համար, ըստ Հակոբյանի, առաջին հերթին պետք է ունենալ բարձրակարգ ու անցանելի ճանապարհներ։

՛՛Մենք ապահովելու ենք ՀՀ բոլոր համայնքների տրանսպորտային հասանելիությունը և աշխատելու ենք բեռնաթափել Երևանի ճանապարհները։ Անհրաժեշտ է այս պահին կասեցնել խոշորացման ծրագիրը և վերլուծել արդեն իսկ տեղի ունեցած փոփոխությունների դրական և բացասական կողմերը։

Զբոսաշրջության ոլորտի վերականգնման համար նախատեսվում է պետական աջակցություն՝ հարկային արտոնությունների, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի, սուբսիդիաների և հարկերի վերադարձի մեխանիզմների տեսքով։ Մշակվելու են գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման նոր մոտեցումներ՝ առաջին հերթին նախապատվությունը տալով ֆերմերների հետ ուղղակի հարաբերություններին՛՛,-վստահեցրեց նա:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ անդրադարձավ համայնքների խոշորացման ծրագրին: Այս առնչությամբ նա ասաց, որ այդ ծրագիրը կար դեռ իրենց ժամանակ, ինքը դա կանգնեցրել է մեկ պատճառով. հասկանալի էր, որ ավելի շատ բացասական հետեւանքներ էր տեսնում, քան դրական: ՛՛Դրա համար ստոպ արեցինք՛՛,-ասաց նա:

Քոչարյանը նաեւ հավելեց. ՛՛Իմ մոտեցումը հետեւյալն է. այսօր ինչ-որ կա, պետք է սառեցնենք՝ ճիշտ հասկանալու համար հաջորդ քայլերը: Ավելի լայն քննարկումներով հասկանանք՝ արժի առաջ գնալ, թե սառեցնել: Սա ինձ համար մութ դաշտ է՛՛:

Վահե Հակոբյանն էլ հավելեց, որ իրենք այդ գործընթացն առնվազն կանգնեցնելու են. ՛՛Քանի որ ազդակները տարբեր են, մենք կվերլուծենք այդ ամենը իրար հետ: Այստեղ գերակշիռ է լինելու համայնքի բնակչի կարծիքը՛՛:

 

 

 

  • Կիսվել: