երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սանոսյանը դեսպան Վիկտորինի հետ հանդիպմանը կարևորել է ԵՄ-ի կողմից ՀՀ հարավային շրջանների զարգացմանն ուղղված ծրագրերը

Սանոսյանը դեսպան Վիկտորինի հետ հանդիպմանը կարևորել է ԵՄ-ի կողմից ՀՀ հարավային շրջանների զարգացմանն ուղղված ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
 
Նախարարը բարձր է գնահատել Հայաստանում դեսպանի կատարած աշխատանքը, տարբեր ծրագրերում ներդրած ջանքերը։
 
«Բավական լավ և բազմոլորտ համագործակցություն ենք ունեցել։ Բազմաթիվ ծրագրերում զգացել ենք Ձեր անմիջական ազդեցությունը։ Կարծում եմ՝ համագործակցության շատ լավ հիմքեր են դրված նաև ապագայի համար»,- ասել է նախարարը։
 
Սանոսյանը շնորհակալություն է հայտնել հատկապես 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ դեսպանի ցուցաբերած ակտիվության, հակառակորդի թիրախավորած բնակավայրերում ֆիզիկապես գտնվելու և հետագայում այդ հետևանքները վերացնելու ուղղությամբ ցուցաբերած ջանքերի համար։
 
Նախարար Սանոսյանն առանձնահատուկ կարևորել է ԵՄ-ի կողմից Հայաստանի հարավային շրջանների զարգացմանն ուղղված ծրագրերը։
 
Անդրեա Վիկտորինն իր հերթին նկատել է, որ ՏԿԵ նախարարության հետ երկարատև և արդյունավետ համագործակցություն է ունեցել, և հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի։
 
«Տարբեր ոլորտներում մեծ առաջընթաց ունենք։ Միասին աշխատել ենք տեղական և մարզային մակարդակներում։ Ընդհանուր առմամբ համագործակցության տեմպերը շատ բարենպաստ են»,- ասել է դեսպանը։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել են ԵՄ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, դրանց ընթացքը, գրանցված հաջողությունները և որոշ ծրագրերով շարունակականություն ապահովելու հնարավորությունները։

  • Կիսվել: