շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սանկտ Պետերբուրգում Ալիևի և Փաշինյանի ոչ պաշտոնական զրույցն արդյունավետ և կառուցողական էր. Հաջիև

Սանկտ Պետերբուրգում Ալիևի և Փաշինյանի ոչ պաշտոնական զրույցն արդյունավետ և կառուցողական էր. Հաջիև

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական զրույցն ադրբեջանական կողմը գնահատում է որպես արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն, որը նպաստում է երկու երկրների միջև խաղաղության օրակարգի առաջմղմանը։

Հաջիևը բարձր է գնահատել Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի՝ դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը, որի համաձայն՝ Ադրբեջանն ազատ է արձակել 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների: Նա պատմական է որակել հայտարարությունը, հավելել՝ այն ցույց տվեց, որ եթե կողմերը միասին աշխատեն, վստահեն իրար, առաջընթացն ապահովված է:

Պաշտոնյան նաև ողջունել է երրորդ երկրների ցանկությունը՝ նպաստելու կարգավորման գործընթացին, սակայն, նրա խոսքով, խաղաղության հաստատման համար պատասխանատու են Հայաստանը և Ադրբեջանը: Նա կարևորել է 3+3 խորհրդատվական հարթակը, ընդգծել Հարավային կովկասում խնդիրները տարածաշրջանային դերակատարների ներգրավմամբ լուծելու կարևորությունը: Միաժամանակ, նա չի բացառել այլ հարթակներում հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակումը:

Հաջիևը նաև հերթական անգամ մտահոգություն է հայտնել, որ Հայաստանը դեմ է իր տարածքով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացմանը: «Այդ իսկ պատճառով մենք այլընտրանքային ճանապարհ ենք ընտրել՝ Իրանի տարածքով»,- հավելել է ադրբեջանցի պաշտոնյան:

Ադրբեջանի նախագահի խորհրդականը հերթական անգամ մեղադրել է Ֆրանսիային՝ տարածաշրջանում իբր անկայունություն սերմանելու և Հայաստանի ռազմական աջակցություն տրամադրելու համար:

  • Կիսվել: