Սամվել Կարապետյանը հաստատել է, որ օգնել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար սահմանված 2 մլրդ դրամը վճարելու հարցում
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել էր մամուլում տարածված տեղեկությունները, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար սահմանված 2 մլրդ դրամի չափով գրավը մուծելու հարցում օգնել են ռուսաստանցի գործարարները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ գրավը մուծել օգնել են ռուսաստանաբնակ գործարարները՝ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, «Մոնարխ» ընկերությունների խմբի ղեկավար Սերգեյ Համբարձումյանը և գործարար Գենադի Ստեփանյանը: Գումարի մյուս մասը վճարել է «Սիստեմա ԲՖԿ» (АФК "Система") ռուսական ներդրումային ընկերութունը, որտեղ Քոչարյանն անկախ տնօրեն է:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել է նաև Սամվել Կարապետյանը: Նա ասել է. «Իսկապես, դա այդպես է»:
Հիշեցնենք նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 18-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը՝ 2 մլրդ դրամի չափով։


