հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարար Ալիբեկ Կուանտիրովին, ով Հայաստանում է COP17-ի շրջանակում։

Այդ մասին նշված է ՀՀ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդերքօգտագործման, կանաչ տրանսպորտի, վերականգնվող էներգետիկայի, թափոնների կառավարման և միջտարածաշրջանային համագործակցության ուղղություններով։ Անդրադառնալով ընդերքօգտագործման ոլորտում համագործակցությանը՝ նախարարը կարևորել է 2025 թվականի նոյեմբերին ստորագրված՝ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև համագործակցության հուշագրի իրականացումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փաստաթուղթը միտված է ոլորտում համագործակցության զարգացմանը և Հայաստանում CRIRSCO միջազգային համակարգի տեղայնացմանն ու ներդրմանն աջակցելուն։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման, կանաչ տեխնոլոգիաների կիրառման և կլիմայական դիմակայուն ենթակառուցվածքների զարգացման հարցերը։  Դավիթ Խուդաթյանն ընդգծել է Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերության խորացման կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: