չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սահմանազատման ընթացքում քննարկվում են և՛ իրավական հիմքերը, և՛ ջրային ռեսուրսների, և՛ ենթակառուցվածքների տեղադրության հարցերը. Ավինյան

Սահմանազատման ընթացքում քննարկվում են և՛ իրավական հիմքերը, և՛ ջրային ռեսուրսների, և՛ ենթակառուցվածքների տեղադրության հարցերը. Ավինյան

Ուզում եմ՝ հստակ արձանագրենք, որ բանակցությունների ընթացում յուրաքանչյուր պետություն կարող է ունենալ իր դիրքորոշումներն այն իրավական սկզբունքների վերաբերյալ, որոնք պետք է հիմք ծառայեն դեմարկացիայի և դելիմիտացիայի համար։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի՝ սահմանազատման գործընթացի և բուֆերային գոտու ստեղծման մասին հարցին:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Բուֆերային գոտիների, ջրային ռեսուրսների, անվտանգության գոտիների հարցերը երկու երկրների հանձնաժողովների քննարկման առարկաներն են, և որոշակի սկզբունքներ կան, որոնք երկու կողմի համար պետք է ընդունելի լինեն, այդ սկզբունքների հիման վրա սկսում է տեղի ունենալ գործընթացը՛՛։

Ինչպես վստահեցրեց Ավինյանը՝ սահմանազատման ու սահմանագծման ընթացքում երկու երկրների հանձնաժողովները միանշանակորեն քննարկում են և՛ իրավական հիմքերը, և՛ ջրային ռեսուրսների, և՛ ենթակառուցվածքների տեղադրության հարցերը։

ԼՀ խմբակցության պատգամավորը հետաքրքրվեց, թե՝ որպեսզի գործընթացը հապճեպ չլինի, քննարկվե՞լ է Խորհրդային տարիների սահմանը պահելու և այդ մասերով դիրքավորվելու հարցը, մինչև խաղաղ պայմաններով դելիմիտացիոն գործընթաց լինի, ինչին ի պատասխան՝ Ավինյանն ասաց. ՛՛Խորհրդային տարիների սահմաններով տեղադրվում էին ժամանակավոր հենակետեր՝ մինչև ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողությունները․ սկզբունքը առաջինը խախտեց ադրբեջանական կողմը՝ հրահրելով այս իրավիճակը, և, փաստացի, մենք հենց այդ սկզբունքով էլ ժամանակավոր հենակետեր էինք տեղադրում, Ադրբեջանի հետագա գործողություններն այդ պրոցեսն ակնհայտորեն խաթարեցին, և, միանշանակ, լրիվ այլ տրամաբանություն փորձեցին թելադրել, որը, կարծում եմ, ընդունելի չի կարող լինել մեզ համար և չի լինելու՛՛:

  • Կիսվել: