չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Սահմանադրական կարգը տապալելու փորձ է. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականների՝ արտահերթ նիստին չներկայանալու մասին

Սահմանադրական կարգը տապալելու փորձ է. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականների՝ արտահերթ նիստին չներկայանալու մասին

ՔՊ-ն, ինչպես կանխատեսում էինք, շարունակում է իր հակասահմանադրական ընթացքը: Սա ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգը տապալելու փորձ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցումասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չներկայացան ընդդիմության հրավիրած՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արտահերթ նիստին, ինչի պատճառով այն տեղի չունեցավ:

«ԱԺ պատգամավորները և հատկապես քաղաքական մեծամասնությունն ուղիղ պարտականություն ունի Սահմանադրության մեկ այլ հոդվածով՝ ապահովել ԱԺ-ի բնականոն գործունեությունը։

ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ հրավիրվող նիստը, Սահմանադրության 100-րդ հոդվածի պահանջի համաձայն, պետք է անցկացվի։ Այստեղ չկա որևէ հնարավորություն, որը քաղաքական մեծամասնությունը փորձում է ներկայացնել, թե իբր դա իրենց իրավունքն է՝ չգալու։ Եթե քաղաքական փոքրամասնությունն է կիրառում այս գործիքը, որը միջազգային պառլամենտական կանոններով ընդունված է որպես մեծամասնության վարքագծի դրսևորմանը որևէ հակազդեցություն, տրամաբանական է, բայց քաղաքական մեծամասնությունը չի կարող իր իսկ մեծամասնության ուժով տապալել ԱԺ նիստը։ Սա սահմանադրական կարգի տապալման փորձ է»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ ըստ կանոնակարգի, եթե նրանք չգան և չորս ժամվա ընթացքում չգան և 54 պատգամավորի գրանցում չապահովեն, նիստի օրակարգը համարվում է ավարտված:

«Բայց քանի որ այս նախաձեռնությունը գտնվում է ԱԺ-ի ընթացիկ շրջանառության մեջ, այն շարունակում է լինել օրակարգային հարց, և առաջիկա հերթական նիստերի օրակարգից առաջ ենթակա է քննարկման՝ նախ հանձնաժողովում, ապա նաև ԱԺ-ի օրակարգում»,-վստահեցրեց Մինասյանը:

  • Կիսվել: