կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սա ճնշում է դատարանի վրա․ որեւէ հարցի չեմ  պատասխանելու. Կարեն Անդրեասյան՝ դատավոր Դավիթ Հարությունյանի գործի վերաբերյալ

Սա ճնշում է դատարանի վրա․ որեւէ հարցի չեմ պատասխանելու. Կարեն Անդրեասյան՝ դատավոր Դավիթ Հարությունյանի գործի վերաբերյալ

Բարձրագույն դատական խորհրդում դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննության ավարտից հետո, երբ փաստաբաններն ու լրագրողները դեռևս ԲԴԽ շենքի դիմաց էին, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ դուրս եկավ շենքից։

Լրագրողները նրանից փորձեցին պարզաբանումներ ստանալ, թե ինչու է Դավիթ Հարությունյանի վերաբերյալ գործը դռնփակ քննվում, նաև ուղղեցին դատական համակարգի վերաբերյալ այլ հարցեր։ Անդրեասյանը, սակայն, հայտարարեց, որ չպատասխանելն իր սահմանադրական իրավունքն է։ «Սա ճնշում է դատարանի վրա՝ 4-րդ իշխանության կողմից»,- ասաց Կարեն Անդրեասյանը, ապա հայտարարեց, որ լրագրողներն իրավունք չունեն իրեն հետապնդելու, և երբ ինքը հրաժարվում է հարցերի պատասխանել, իրավունք չունեն ստիպել, ճնշել հարցազրույց տալ։

«Որևէ մեկի աշխատանքը մի խոչընդոտեք, դուք իրավունք չունեք խոչընդոտել իմ շարժը. Ես հայտնում եմ, որ որեւէ հարցի չեմ պատասխանելու, դա իմ իրավունքն է: Ընթացիկ գործի  մասին սա դատավորի վրա ճնշում է: Ես հանդես եմ գալիս որպես դատարան, հիմա դուք լրագրողներով փորձ եք անում ճնշել ինձ: Երբ ես ցանկություն ունենամ որպես դատավոր ընթացիկ նիստից իմ կարծիքները հայտարարել, ես դա կանեմ դատական նիստերի ընթացքում: Դուք խառնում եք իմ նախկին քաղաքական գործունեությունը իմ դատավորի աշխատանքի հետ: Սա ճնշում է դատարանի վրա 4-րդ իշխանության կողմից»,-ասաց նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Կարեն Անդրեսյանին էլ մեղադրում են դատավորի գործունեությունը քաղաքական գործունեության հետ խառնելու մեջ, ԲԴԽ նախագահն ասաց՝ «զրպարտության և սուտ մատնության դիմելուց առաջ ամեն մարդ պետք է մտածի՝ ինչ է խոսում»։ Անդրեասյանը նաև նշեց, որ քանի դեռ ինքը ԲԴԽ նախագահն է, հարցազրույց չի տալու։

Նշենք, որ ԲԴԽ նիստում այսօր՝ քննվում էր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը: Հաջորդ նիտը կլինի վաղը՝ ժամը 10-ին:

 

  • Կիսվել: