կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է պետականությունը մեր ժողովրդին վերադարձնելու համար

Սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է պետականությունը մեր ժողովրդին վերադարձնելու համար

Այսօր քարոզարշավի վերջին օրն է, եղել ենք ՀՀ բոլոր մարզերում, քաղաքներում, և հիմա շատ ավելի լավ գիտենք, թե ոնց եք դուք ապրում, ինչի կարիքը ունեք, ինչ խնդիրներ են կանգնած մեր երկրի առջև, և շնորհակալ եմ բոլորին, ովքեր հանդիպել են մեզ հետ և օգնել են

Մենք քարոզարշավն ավարտում ենք հաղթարշավով: Այս մասին այսօր ՛՛Հայաստան՛՛ դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի ղեկավար, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է պետականությունը մեր ժողովրդին վերադարձնելու համար: Երկրի առջև կանգնած է այսօր 4 հիմնական խնդիր՝ առաջին երկրի պաշտպանությունն է և սահմանների անվտանգությունը, 2-րդը՝ Արցախի ապագան է, 3-րդը երկրի տնտեսական վիճակն է, գործազրկությունը և աղքատությունը և արտագաղթը, 4-րդը՝ ներքաղաքական գերլարված մթնոլորտը, ատելությունը, որը 3 տարի շարունակ սերել է այս իշխանությունը, այս իշխանությունը ի վիճակի չէ այս հարցերին տալ լուծումներ, քանի որ իրենք են այս հարցերը ստեղծել՛՛:

Քոչարյանը վստահեցրեց, որ իրենց դաշինքն ընտրություն է արժանապատիվ խաղաղության և ծնկաչոք խայտառակության միջև: ՛՛Սա ընտրություն է տնտեսական վերելք ունենալու մեջ և տնտեսական ճգնաժամը խորացնելու մեջ, սա ընտրություն է համերաշխության մեջ և թշնամանքի մեջ, մենք մերժում ենք բոլոր այն երևույթները, որոնք մեզ բերել և հասցրել են այս տխուր իրավիճակին՛՛,- նշեց նա:

Դիմելով հանրահավաքի ներկաներին՝ նա ասաց. ՛՛Հնարավորություն տվեք ստանձնել մեզ պատասխանատվությունը երկրի ապագայի համար, առաջ մղել երկիրը բոլոր ուղղություններով, վերակառուցել հզոր բանակ, հզոր տնտեսություն և լինել կառավարություն ամբողջ ժողովրդի համար, ոչ թե յուրայինների՛՛:

  • Կիսվել: