ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սա ոչ թե աշխատանք կորցնելու, այլ մարդկանց կյանքեր փրկելու մասին է. Թորոսյանը՝ նոր նախագծի մասին

Սա ոչ թե աշխատանք կորցնելու, այլ մարդկանց կյանքեր փրկելու մասին է. Թորոսյանը՝ նոր նախագծի մասին

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի վստահեցմամբ՝ Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնելու դեպքում գործատուին ընդհուպ աշխատանքից ազատելու իրավունք տվող օրենքի նախագիծը ոչ թե աշխատանք կորցնելու, այլ մարդկանց կյանքեր փրկելու մասին է: Թորոսյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության նախագծի քննարկմանը:

Նա հիշեցրեց՝ մոտավորապես նման կարգավորում՝ նախարարի հրաման գործում է հոկտեմբերի 1-ից՝ նկատի ունենալով աշխատող քաղաքացիների համար պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնելու պահանջը: «Եվ այդ հրամանի շնորհիվ է, որ մենք հոկտեմբերի 1-ից ունենք պատվաստումների շեշտակի աճ՝ ի հակառակ մեր ընդդիմադիր գործընկերների այն պնդումներին, թե դա որևէ արդյունք չի տվել: Ես ուզում եմ պնդել, որ այսօրվա մեր ունեցած հարաբերականորեն ավելի բարձր պատվաստման ցուցանիշը նաև հենց այդ պարտադրանքի արդյունքն է»,-ասաց Թորոսյանը:

Քննադատություններ են հնչել, թե նման պարտադրանքը չի կարելի դրվել նախարարի հրամանով, օրենք է պետք: Պատգամավոր նշեց՝ այսպիսով նախատեսում են օրենքով սահմանել դա:

«Սա աշխատանք կորցնելու մասին չէ, սա մարդկանց կյանքեր փրկելու մասին է: Եվ պետությունն ունի պարտավորություն՝ փրկել այն մարդկանց կյանքը, որոնք օրինակ ունեն պատվաստվելու  բժշկական հակացուցում և պետք է գնան աշխատանքի: Եվ նրանք չպետք է ռիսկի տակ լինեն այն մարդկանց կողմից, որոնք տարբեր անհիմն համոզմունքների պատճառով չեն ուզում պատվաստվել»,-ասաց Թորոսյանը:

Նա կոչ արեց չնենգափոխել օրենքի նպատակն ու նշանակություն. դա օրենք է կյանքի և առողջության մասին:

  • Կիսվել: