հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սա դեռ գործողությունների սկիզբն է, ի՞նչ կլինի հետո՝ կհնչի հանրահավաքում. Մինասյան

Սա դեռ գործողությունների սկիզբն է, ի՞նչ կլինի հետո՝ կհնչի հանրահավաքում. Մինասյան

Ըստ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը որեւէ իրավական հենարան չունի, այն իրականացվում է բացառապես իշխանության ցանկությամբ: Այս մասին Մինասյանն ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում:

Նշենք, որ նա եկել էր աջակցելու ԲՀԿ առաջնորդին:

Հիշեցնենք, որ այսօր քննարկվում է Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը:

«Որեւէ մեկի մտքով չանցնի, թե մենք արդարադատությանը դեմ ենք, բայց արդարադատությունը պետք է անցնի իսկապես իրավունքի գերակայության եւ օրենքի առաջնորդության սկզբունքներով, բայց ոչ թե՝ ըստ ցանկության, ըստ իրավիճակի, առավել ևս, որ չկան դրա համար այն բոլոր համակարգային հիմքերը, որոնք թույլ են տալիս նման պահանջով իրավապահ մարմիններին գործել»,-ասաց Մինասյանը:

Նա նշեց, որ եթե 2018-ի դեկտեմբերյան ընտրությունները եղել են առանց ընտրակաշառքի, թեեւ առանձին վերապահումներ ունի, եւ կտրվել է այդ հանցագործության հիմքը, ապա ինչո՞ւ է դրան անդրադարձ կատարվում, կամ ինչո՞ւ է 2017-ի մի դրվագին անդրադարձ կատարվում, քանի որ ՀՀ երրորդ հանրապետության ձեւավորման չորրորդ տարվանից սկսած, նրա խոսքով, այս խնդիրը եղել է:

Մինասյանի կարծիքով՝ այդ գործընթացում ներգրավված է եղել ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը, եւ իր համար անհասկանալի է, թե ո՞ր երկրի իրավական համակարգն է ունակ նման ծավալներով գործերի մեջ մտնել:

Արծվիկ Մինասյանն ասաց նաև, որ իր համար տարակուսելի է իշխանության ձգտումը՝ մինչեւ դատարանի վճիռն անձին ազատազրկելու մասով:

Իր խոսքով՝ ինքը հիմքեր չի տեսնում, որ ազատության մեջ գտնվելով՝ Գագիկ Ծառուկյանը կխոչընդոտի քննությանը:

Մինասյանը հերքում է իշխանական ճամբարից հնչող այն հայտարարությունները, որ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ «Հայրենիքը» որոշել են հանրահավաք հրավիրել հոկտեմբերի 8-ին, քանի որ նախապես իմացել են, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու են:

Նա վստահեցրեց, որ հանրահավաքն ավելի վաղ էր ծրագրավորված:

Մինասյանը խոսեց նաև հանրահավաքին այլ ուժերի, մաասնավորապես՝ ՀՀԿ-ի մասնակցության հավանականության մասին և ասաց, որ  հանրահավաքը բաց է, որեւէ ուժի պաշտոնական, անվանական հրավեր չի ուղարկվել, իսկ գործողությունների հաջորդականության մասին կխոսվի հենց հանրահավաքում

՛՛Սա դեռ գործողությունների սկիզբն է: Ի՞նչ կլինի հետո՝ կհնչի հանրահավաքում: Կհնչի նաեւ ճանապարհային քարտեզ՛՛,-ասաց Մինասյանը:

  • Կիսվել: