ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուստամ Բադասյանը Ֆիլիպ Գոտյեի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Ռուստամ Բադասյանը Ֆիլիպ Գոտյեի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած այցի ընթացքում փետրվարի 5-ին հանդիպել է Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտյեի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը գործընկերոջը հակիրճ տեղեկացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների, այդ թվում` ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունների մասին և Ֆիլիպ Գոտյեի հետ քննարկել Հայաստանի և Արդարադատության միջազգային դատարանի միջև համագործակցության ընդլայնման ուղիները:

Աշխատանքային այցի երկրորդ օրը՝ փետրվարի 6-ին, նախարար Բադասյանն այցելել է Նիդերլանդների Հելսինկյան կոմիտե և քննարկում ունեցել դատաիրավական և իրավապահ ոլորտների բարեփոխումների հարցերով փորձագետների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի գործունեությունը, այնուհետև Ռուստամ Բադասյանն անդրադարձել է դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարություններին,  բարեփոխումների ծրագրերին, որոնք շատ բարձր են գնահատվել փորձագետների կողմից։ Նախարարն ընդգծել է, որ ռազմավարությունների մշակման գործընթացում հաջող համագործակցություն է տեղի ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Փորձագետների հետ քննարկման ընթացքում կարևորվել է նաև իրավունքի գերակայության ապահովումը:

  • Կիսվել: