ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուստամ Բադասյանը՝ Արփինե Հովհաննիսյանի՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ չընտրվելու մասին

Ռուստամ Բադասյանը՝ Արփինե Հովհաննիսյանի՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ չընտրվելու մասին

Մենք իրականում չենք ուզում այս քայլով ցույց տալ, որ իր օգնության կարիքը չունենք կամ ունենք: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պարզաբանելով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում Արփինե Հովհաննիսյանի չհայտնվելու փաստը:

Նշենք, որ նախօրեին Արդարադատության նախարարությունը հրապարակել էր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:

«Տիկին Հովհաննիսյանի դիմումում նշված է, որ նա մասնակցել է նախորդ սահմանադրական բարեփոխությունների հանձնաժողովի աշխատանքներին։ Իրականում խոսքը գնում է ոչ ֆորմալ մասնակցության մասին, քանի որ նայել ենք, նա ֆորմալ առումով հանձնաժողովի անդամ չի եղել։ Մեր սկզբունքը հետևյալն է, որ դատաիրավական բարեփոխումների պաշտոնական փաստաթղթի ռազմավարության մեջ նշվում է, որ քննադատություններ են հնչում 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների և այդ քննադատությունների հետ կապված։ Բնականաբար, մենք այդ ամենը չէինք կարող դրական առումով գնահատել։ Այո, սա քաղաքական որոշում է եղել, իսկ այստեղ ի՞նչ կա զարմանալու»,- ասաց նախարարը։

Նա ընդգծեց, որ ի գիտություն է ընդունում, որ Արփինե Հովհաննիսյանն անկեղծ մղումներով է ուզում իրենց օգնել։

«Տիկին Հովհաննիսյանի մասնագիտական ունակությունները որևէ մեկը կասկածի տակ չի դնում, բայց ավելի համապատասխանողներն ընդգրկվել են հանձնաժողովում։ Եթե այլ հանգամանքներով մենք տեսնեինք, որ տիկին Հովհաննիսյանն ամենալավ թեկնածուն է, ապա մենք կընտրեինք ամենալավ թեկնածուին»,- հավելեց նա և նշեց, որ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները «խայտառակություն են եղել երկրի համար»։

Նրա խոսքով՝ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության փաստաթղթում քննդատություն կա 2015 թվականի փոփոխությունների և դրան հաջորդած իրադարձությունների մասով:

  • Կիսվել: