Ռուսաստանը Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
Ռուսաստանը Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել, նրան հեռակա կարգով ահաբեկչական գործունեությանն աջակցելու մեղադրանք է առաջադրվել։ Euronews-ի փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից։
ՌԴ-ում Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովին (Ռուսաստանի 155 միլիարդատերերի 2026 թ. վարկանիշում 30-րդ տեղ) ահաբեկչական գործունեությանն աջակցելու մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնել է ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը:
Դուրովին մեղադրում են նրանում, որ Telegram-ի ադմինիստրացիան իբր չի հեռացրել «տվյալ մեսենջերի բազմաթիվ ալիքներ, չաթեր և բոտեր, որոնք ակտիվորեն օգտագործվում են ուկրաինական հատուկ ծառայությունների, ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների կողմից»: ԱԴԾ-ում կարծում են, որ դրանք նպաստել են Ռուսաստանում ահաբեկչությունների նախապատրաստմանը և կիբեռխարդախության իրականացմանը, «որոնց հետևանքով եղել են բազմաթիվ մարդկային զոհեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ»:
ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ քննում են նաև քրեական գործեր՝ Telegram-ում «Дайвинчик/Leo» չաթ-բոտի միջոցով դեռահասներին ահաբեկչության և դիվերսիաների մեջ ներգրավելու փաստերով: ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնի տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում դրա միջոցով հանցավոր գործունեության մեջ է ներգրավվել 12–22 տարեկան 46 ռուսաստանցի։
Փետրվարին ռուսական պետական լրատվամիջոցները, հղում անելով ԱԴԾ-ին, հայտնել էին, որ Դուրովի դեմ քրեական գործ է քննվում ահաբեկչությանն աջակցելու հոդվածով։ Ինքը՝ Դուրովը, գործն անվանել է քաղաքականապես մոտիվացված։ Նրա խոսքով՝ իշխանությունները պատրվակներ էին փնտրում ռուսաստանցիների համար Telegram-ի հասանելիությունը սահմանափակելու համար։



