երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի 86,600 քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի 86,600 քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

«Նախևառաջ պետության կառուցվածքի քաղաքական տեսլականի վերաբերյալ նման հայտարարությունը Հայաստանի և նրա ժողովրդի բացառիկ իրավունքն է: Երկրորդ՝ Ռուսաստանը միջնորդ է հայ-ադրբեջանական կարգավորման հարցում, և այս առումով մեզ համար կարևոր է պետության ՝ տվյալ դեպքում՝ Հայաստանի հստակ դիրքորոշումն այս թեմայով: Սա պարզապես թեմա կամ հարց չէ, այլ երկար տարիներ տևած հակամարտություն... Ուստի առաջ շարժվելու համար, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերի մասով, անհրաժեշտ է իմանալ պետության հստակ դիրքորոշումն այս հարցով»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն «Փաշինյանի՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին հայտարարությունը դիտարկում է որպես 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա հիմնված Պրահայի հայտարարության հաստատում»:

«Այդ հռչակագրում նախկին ԽՍՀՄ  պետությունների միջև եղած վարչական սահմանները ճանաչվում են որպես միջպետական: Բազմիցս նշել ենք, որ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը որակապես նոր շրջանակ է տվել Բաքու-Երևան բանակցություններին: Բայց նորից եմ կրկնում՝ Պարահայում կայացած բանակցությունների մասնակիցներն են Հայաստանը, Ադրբեջանը, Ֆրանսիան և ԵՄ-ն»,- ասել է Զախարովան:

Միաժամանակ դիվանագետը նշել է, որ «Փաշինյանի հայտարարությունները ոչ միանշանակ արձագանք են առաջացրել բուն Հայաստանում և Արցախի հայության շրջանում, բայց, դա, ըստ Զախարովայի,  ներքաղաքական վեճերի հարցեր են»:

«Ինչ վերաբերում է բուն խաղաղության պայմանագրի նախագծին, ապա Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների վերջին փուլը նպաստեց կողմերի միջև փոխըմբռնման բարելավմանը և մի շարք հարցերի շուրջ նրանց դիրքորոշումների մերձեցմանը»,- ասել է Զախարովան։

  • Կիսվել: