ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսաստանը հստակ ծրագրեր ունեն և ոչ կարճաժամկետ. Տեր-Պետրոսյանը՝ տարածաշրջանում ՌԴ-ի գործունեության մասին

Ռուսաստանը հստակ ծրագրեր ունեն և ոչ կարճաժամկետ. Տեր-Պետրոսյանը՝ տարածաշրջանում ՌԴ-ի գործունեության մասին

Իմանալու համար, թե ինչ է պետք ինձ, ես պետք է իմանամ Ռուսաստանի ծրագիրը, Ալիևինը գիտենք՝ ինչքան շատ, այնքան լավ, Ռուսաստանի ծրագրերը չգիտեմ ես: Ռուսաստանն իր ծրագրերը ոչ մեկին էլ չի բացահայտում: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ռուսաստանն այսօր Հայաստանում ունի մեկ խոսակից, դա երկրի ղեկավարն է: Ես էլ ունեմ կապեր, ես էլ հանդիպում Ռուսաստանի դեսպանի հետ, Ռոբերտն  ավելի շատ կապեր ունի Մոսկվայում, բայց ո՛չ ինձ կասեն, ո՛չ Ռոբերտին, այսօր Հայաստանի պատասխանատուն Փաշինյանն է, Փաշինյանին են ասում:

Ես վստահ եմ՝ Փաշինյանին Ռուսաստանն ամենայն անկեղծությամբ ասում է այն, ինչ մտադիր է անել այս տարածաշրջանում և ընդհանրապես՝ Հայաստանի և Ղարաբաղի ապագայի վերաբերյալ: Փաշինյանն ուրիշ խնդիր ունի, նա անգամ չի հասկանում, թե ռուսներն իրեն ինչ են ասում: Ես այն մարդը չեմ, որ չիմացած բանի մասին կարծիք արտահայտեմ՛՛:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին՝ եթե ռուսական կողմը դուրս գա ՀՀ տարածքից, ի՞նչ կսպասվի, Տեր-Պետրոսյանը պատասխանեց, որ չգիտի, մարգարե չէ, բայց ամեն ինչ հնարավոր է: Նա չբացառեց անգամ պատերազմը: ՛՛Կրկնում եմ՝ որևէ մեկը թող գլուխ չգովի, թե գիտի Ռուսաստանի ծրագրերը, մի բան գիտեմ՝ նրանք հստակ ծրագրեր ունեն և ոչ կարճաժամկետ՛՛,-ասաց ՀՀ առաջին նախագահը:

Անդրադառնալով հարցին, թե պե՞տք է արդյոք, որ հիմա Թուրքիայի հետ ուղղակի հարաբերությունների մեջ մտենք, Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ ոչ թե հիմա, այլ վաղուց պետք է մտած լինեինք:

Նա նշեց. ՛՛Ալիևն էլ է ասում՝ ձեռք քաշեք Ղարաբաղից, հենց այսօր դառնանք եղբայրներ: Հիմա մենք պիտի հաշվենք՝ երբ, ոնց, ինչպես: Պետության ղեկավարի առաջին գործը երբեք չխորամանկելն է, որովհետև ինքնախաբեություն կլինի, որ դու ավելի կարող ես խորամանկել, քան այդ հզորները, քեզ շատ լուռ կլսեն, կգովեն, հետո կգնան ու կծիծաղեն քեզ վրա: Եթե ես խորամանկեի, ինձ երբեք բանի տեղ չէին դնի:

Նոր երևույթ կա, որը այլանդակ բան է, երբեք չի եղել, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև երբեք այսպիսի կոպիտ երկխոսություն չի եղել՝ փոխադարձ վիրավորանքներով, նվաստացումներով, սա չի եղել Ռոբերտի ժամանակ, Սերժի ժամանակ, սա նիկոլիզմի արտահայտություն է՛՛:

 

  • Կիսվել: