հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռուսաստանի այլընտրանքն Արեւմուտքն է. Գուրգեն Մելքոնյան (տեսանյութ)

Ռուսաստանի այլընտրանքն Արեւմուտքն է. Գուրգեն Մելքոնյան (տեսանյութ)

Ռուսական կողմը թույլ չի տալիս, որ Արեւմուտքը գործուն քայլեր անի ստեղծված իրավիճակը լուծելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը։

«Սեպտեմբերի 13-ի դեպքերին մենք ականատես եղանք, որ ռուսական զորքը որոշ տեղերում դուրս եկավ իր հենակետերից ու չխառնվեցին ոչ մի բանի, դիտորդի կարգավիճակով գնացին իրենց բազաներում նստեցին։ Դա հուշում է, որ մեր հույսը մեր վրա պիտի դնենք. ռուսները ինչպես հիմա Լաչինի միջանցքն են պահում, այնպես էլ Հայաստանի սահմանները պիտի պահեն, եթե ինչ-որ մի բան լինի։ Հայաստանի սահմաններն էլ ներխուժվեցին, ռուսները ոչ մի բանի չխառնվեցին»,- նշեց նա։

Հարցին՝ եթե ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը չեն կատարում, արդյո՞ք այլ տարբերակ ունի ՀՀ իշխանությունը, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե կան տարբերակներ։ Հաջորդ տարբերակն Արեւմուտքն է»։

Մելքոնյանի կարծիքով՝ ռուսական կողմը թույլ չի տալիս, որ Արեւմուտքը գործուն քայլեր անի ստեղծված իրավիճակը լուծելու համար.

«Քանի որ իրենց կատարած բոլոր գործողությունները տանում են դրան։ Օրինակ՝ Սոչիի հանդիպումը. մինչեւ այդ հանդիպումը Պուտինն ասում էր՝ մենք Ղարաբաղի հարցը լուծում ենք, Հայաստանը չի ուզում, Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում, իսկ մենք ուզում ենք ուրիշ ձեւ լուծել հարցը, բայց Սոչիում Փաշինյանն ասաց, որ ինքը համաձայն է ռուսական կողմի պայմաններին, իսկ Պուտինը չկարողացավ այդ հարցը լուծել։ Այսինքն՝ ինքը վախեցավ Ադրբեջանից, հիմա էլ է վախենում Ադրբեջանից, կարծում եմ՝ իրենց մեջ կա պայմանավորվածություն, որ կամաց-կամաց, մեզ ճնշելով, «Զանգեզուրի միջանցքը» տան. այսինքն՝ այդ միջանցքը պետք է նվիրվի իրենց»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե իրենք «Զանգեզուրի միջանցքը» հայկական կողմի կամքից անկախ ստանալու են, Մելքոնյանն ասաց. «Ալիեւն այն ժամանակ որ կատու էր դարձել, հիմա առյուծ է կտրում։ Ոչ մեկ թող շատ չուրախանա իր հաջողություններով, մեկ էլ թող շատ չտխրի իր անհաջողություններով։ Կարող ա պատահի վարունգը թարս աճի Ալիեւի համար։ Մենք այն հերոսական ժողովուրդն ենք, որ կարող ենք ամեն ինչ փոխել գլխիվայր»։

Դիտարկմանը, որ փորձը ցույց է տալիս՝ Ալիեւը հետեւողական հասնում է իր նպատակներին, Գուրգեն Մելքոնյանն ասաց. «Հասավ Ջերմուկ, այդտեղ կանգնեց, քանի որ մենք ունենք ՀԱՊԿ-ի նման դաշնակիցներ, որոնք ավելի շատ նրա բարեկամներն են, քան՝ մեր դաշնակիցները»։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: