կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նրանք պետք է հասկանան, որ ՀՀ-ն իր շահերն ու անվտանգության խնդիր ունի, որը պետք է ապահովվի. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ի մասին

Նրանք պետք է հասկանան, որ ՀՀ-ն իր շահերն ու անվտանգության խնդիր ունի, որը պետք է ապահովվի. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ի մասին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի շուրջ քննարկումներին Ռուսաստանը դեր ունի: Միևնույն ժամանակ, Սիմոնյանը էմոցիոնալ է համարում երբեմն Մոսկվայից հնչող նյարդային արձագանքները, երբ որևէ այլ կողմ փորձում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որևէ դրական քայլ անել: Սիմոնյանը նման կարծիք հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Իհարկե Ռուսաստանը դեր ունի, ես չեմ կարծում, որ կարող է չունենալ, որովհետև, այնուամենայնիվ, ռուս խաղաղապահներն են Լեռնային Ղարաբաղում կանգնած: Միևնույն ժամանակ, մի փոքր ավելի եմ համարում այն ջղաձգումներն ու նյարդային արձագանքները Մոսկվայից, որոնք տեղի են ունենում, երբ որևէ այլ կողմ փորձում է ինչ-որ դրական բան անել: Ես դրանք շատ ավելի էմոցիոնալ եմ համարում, քան պետք է լինի քաղաքական մեծ կառույցի կողմից: Կարծում եմ՝ իրենք պետք է մի քիչ ավելի հանգիստ լինեն, ավելի զսպված լինեն: Պետք է հասկանան իրավիճակն ու հասկանան, որ ՀՀ-ն իր շահերն ու անվտանգության խնդիրն ունի, որը պետք է ապահովվի՝ ի հեճուկս որևիցե աշխարհաքաղաքական ելևէջի կամ որևիցե մեկի ցանկության կամ խանդի»:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ ողջունում են երրորդ երկրների ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Սիմոնյանն ասաց. «Հարցն այն է, որ այդ հարցը պետք է լուծեն իրենք: Իրենք պետք է այդ հարցը լուծած լինեին: Իրենք էին մեր տարածքային ամբողջականության, անվտանգության ապահովողը: Այստեղ է գտնվում ռուսական զորախումբը՝ 102-րդ ռազմաբազան: Եվ մեր պայմանագրերն այս իրավիճակին էին միտված: Բա դուք ո՞ւր էիք, ինչո՞ւ ավելի ակտիվ չեք մասնակցում»:

ԱԺ նախագահը հավելեց՝ եթե չեն կարողանում, պետք է դրա մասին բարձրաձայն ասեն, որպեսզի միասին նստեն ու ելքեր գտնեն:

  • Կիսվել: