կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռուս գործընկերների կողմից կա պատրաստակամություն՝ աշխատելու առկա հարցերի լուծման ուղղությամբ․ Սիմոնյան

Ռուս գործընկերների կողմից կա պատրաստակամություն՝ աշխատելու առկա հարցերի լուծման ուղղությամբ․ Սիմոնյան

Ռուս գործընկերների կողմից կա պատրաստակամություն՝ աշխատելու առկա հարցերի լուծման ուղղությամբ և դա շոշափելի կտեսնենք առաջիկայում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես կարող եմ ասել, որ մեր ռուս գործընկերների մոտ կա հստակ ընկալում իրավիճակի և այն պատկերացումները, իրավիճակի գնահատականները որոնք որ մենք ունենք, կարող եմ ասել, որ գրեթե ամբողջությամբ մեր ռուս գործընկերները կիսում են։ 

Կարող եմ հիմա էլ փաստել, որ թե՛ պատերազմից առաջ, թ՛ե պատերազմից հետո Ռուսաստանի դերակատարումը եղել է բավականին մեծ, և, կարելի է  ասել, որոշ դեպքերում ամենաորոշիչը»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է Մարտակերտում քաղաքացիական անձի զոհվելուն և դեպքի ժամանակ   ռուս խաղաղապահների ներկա լինելուն, Ալեն Սիմոնյանն ասաց, որ իր ունեցած տեղեկություններով՝ քննություն է տեղի ունենում և այդ դեպքի անմիջական մասնակիցներ հեռացվել են իրենց պաշտոններից։

Անդրադառնալով ռազմագերիների հարցին՝ նա ասաց, որ ռազմագերիները վաղուց պետք է  վերադարձվեին ամբողջությամբ և Ադրբեջանը փաստացի չի կատարում իր կողմից ստանձնած և ռուս գործնկերների մոտ ընկալումը։ «Այսօր երբ մենք խոսում ենք ճանապարհների բացման, հարաբերությունների և խաղաղության մասին, մենք մշտապես պետք է մի բան ասենք, որ այդ ճանապարհները բացելուց բացի, դրանցով, նախևառաջ, մեր ռազմագերիները պետք է վերադառնան»,–ասաց նա։

ԱԺ նախագահը նշեց, որ կին ռազմագերու մասին ինֆորմացիան ադրբեջանական կողմը չի հաստատում։ «Ես մեծ հույսեր և վստահություն ունեմ, որ այդ ռազմագերի բառակապակցությունը միգուցե կթողնենք անցյալում, համենայնդեպս դրա համար ամեն ինչ անում ենք»,–ասաց նա։

Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ իր եղբայրը ասֆալտապատման գործարանի տնօրեն է, և այդ կազմակերպությունը խոշոր երկու մրցույթ է շահել։ «Բայց սեփականատիրության հետ իմ եղբոր ունեցվածքը այդ շահումից ոչ ավելանալու է, ոչ իջնելու է»,–ասաց նա և նշեց, որ սա շինծու թեմա է։

Նա նշեց, որ ինքն ընդամենը մի բնակարան ունի, որը երիտասարդ ընտանիքների աջակցության միջոցով  գնել է։ «Ներողություն եմ խնդրում, որ 41 տարեկանում ես ու կինս սաղ կյանք աշխատելով մի բնակարան ունենք, վարկեր ունեմ այդ բնակարանում»,–ասաց նա։

 

  • Կիսվել: