շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Մենք մեր վարչապետի թեկնածուն ունենք, ժոդղովրդի սատարումը ունեցող վարչապետ կա․ ԱԺ նախագահ

Մենք մեր վարչապետի թեկնածուն ունենք, ժոդղովրդի սատարումը ունեցող վարչապետ կա․ ԱԺ նախագահ

Եկել են, ասում են՝ էն իշխանությունը, որ դուք ստացել եք 2021 թվականին, տվե՛ք Բագրատ Գալստանյանին: Մենք մեր վարչապետի թեկնածուն ունենք, ժողովրդի սատարումը ունեցող վարչապետ կա: Այս մասին այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը:

«Ընտրությունները 2026 թվականին են: Էս մարդիկ իրենց սխալների վրա չեն սովորում:  Հիմա ով 10 կամ 20 հազար մարդ հավաքի փողոցում, պետք ա գա նոր վարչապետի թեկնածու առաջակի՞: Լու՞րջ եք ասում»,-հավելեց Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե որքա՞ն մարդ պետք է լինի փողոցում, որպեսզի խոսք գնա վարչապետի նոր թեկնածուի մասին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես մարդկանց հաշվելով չեմ զբաղվում: Ես ասում եմ, որ ՀՀ-ում  նման պահանջ չկա: Երբ մարդիկ ուզում են իշխանություն փոխեն, գնում են ընտրությունների: Հիմա Բագրատ Գալստանյանն ա, հետո Վազգեն Մանուկյանն ա, հետո մյուսին բերեն, հո էդպես չի՞ ձևը»:

Հարցին, թե արդյոք պատրաստվում են մերժել արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իսկ ինչի՞ պետք է չմերժենք: Տարին մեկ պիտի մարդ փոխե՞ն, գան նորից նույն բանն ասե՞ն: Հիմա եթե Վահրամ Բաղդասարյանով, Կարեն Ավագյանով մնացած հանրապետականներով նույն պալատկաները բերեն նույն տեղը շարեն, մենք պիտի բան փոխե՞նք»: 

«Ես հարգանքով եմ մոտենում այն մարդկանց, ովքեր գալիս են և որևէ բանից դժգոհում: Բոլոր մարդիկ չեն կարող նույն կարծիքն ունենալ: Բայց երբ արդեն ակնհայտ է դարձել, որ դերակատարները կատարյալ նույնն են՝ անուն առ անուն, ես սա իշխանության կռիվ, աթոռակռիվ, ունեցվածքը վերականգնելու փորձ եմ դիտարկում և կատեգորիկ եմ դրան վերաբերվում»,-հավելեց Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունը, նա պատասխանեց. «Ոչ մի բան: Ընտրություն կլինի, և մարդիկ, եթե մտածում են, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չի կատարում էս, էս, էս, էս, կգնան կընտրեն այն ուժին, որը իրենց որևէ բան կառաջարկի: Իսկ ընդդիմությունը իր հայտարարած օրակարգի մի տոկոսը կատարե՞լ ա»:

Անդրադառնալով խոսակցություններին, թե երկիրն ավիրվում է, այդ պատճառով  է ընդդիմությունը ոտքի կանգնել, ԱԺ նախագահն  ասաց. «Իսկ ո՞վ ասեց, որ երկիրն ավիրվում է: Ձեր աշխատավարձը բարձրանում է չէ՞, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը աճում է չէ՞, մենք ավելի շատ զոհեր ունե՞նք, քան մինչև 2020 թվականը»: Լրագրողի դիտարկմանը, թե  2020 թվականի պատերազմի ժամանակ նույնպես իշխանությունը իրենց ձեռքում էր, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «2018 թվականից մենք ենք եղել ու 2018 թվականից պատասխանատվությունը մեր վրա է, և մենք դրանից երբևիցե չենք խուսափել: Ասածս այն է, որ ասում եք երկիրը ավիրվում է, ուզում եմ հասկանամ, որտե՞ղ է ավիրվում երկիրը: Եկե՛ք, գնանք Սարյան փողոց, տեսնենք՝ ինչքան տուրիստ կա»:

  • Կիսվել: