կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խաղաղության պայմանագրից հետո հայ գերիների սպանության տեսանյութ չի լինի․ Վստահեցնում է ԱԺ նախագահը

Խաղաղության պայմանագրից հետո հայ գերիների սպանության տեսանյութ չի լինի․ Վստահեցնում է ԱԺ նախագահը

Հայ գերիների սպանության տեսանյութից հետո էլ Հայաստանի համար շարունակում է ակտուալ մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արել է ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այո, ակտուալ է, որպեսզի նման տեսանյութեր այլևս չլինեն։ Պետք է խաղաղություն լինի։ Այն մարդիկ, որոնք խաղաղության օրակարգի նկատմամբ բացասական են արտահայտվում, ի՞նչ են առաջարկում` հավերժ պատերա՞զմ, մտնենք Սասուն, դուրս գանք Մո՞ւշ, ծովից–ծով Հայաստա՞ն։ Ինչո՞ւ չի նշվում, որ մեր պաշտպանական բյուջեն աննախադեպ աճ ունի, և մենք շարունակում ենք զինել բանակը։ Խաղաղության օրակարգը չի նշանակում, որ բանակ պետք է չլինի»,– նշել է Սիմոնյանը։

Նրա խոսքով` ժամանակակից աշխարհում Հայաստանը չի կարող զբաղվել հարևանների նկատմամբ ռազմատենչ հայտարարություններով և տարածքային պահանջներով։ ԱԺ խոսնակը վստահեցրել է` Հայաստանի ինքնիշխանությունը, սուվերեն տարածքը քննարկման ենթակա չէ։

«Մենք պատերազմ չենք անելու, մենք պատրաստվելու ենք Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելուն։ Մենք հիմա զբաղվում ենք նաև Ջերմուկի շուրջ ստեղծված իրավիճակով։ Այդ հարցի լուծումը չի կարող լինել Թուրքիայի, Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի վրա հարձակվելը»,– ասել է Սիմոնյանը։

  • Կիսվել: