հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսական կողմը չի ուզում ուժ կիրառել. Խաչատուրյանը՝ Լաչինի միջանցքում ստեղծված վիճակի մասին

Ռուսական կողմը չի ուզում ուժ կիրառել. Խաչատուրյանը՝ Լաչինի միջանցքում ստեղծված վիճակի մասին

Ռուսական կողմը չի ցանկանում ուժ կիրառել. նրանք ցանկանում են բանակցությունների միջոցով հարցը լուծել։ Այս մասին այսօր Էստոնիայում նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ դեր ունեն խաղաղապահները Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակում։

Խաչատուրյանը խոսեց նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մասին, որոնց շրջանակում խաղաղապահները սկսեցին իրենց աշխատանքը և պետք է ապահովեին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ուղիղ կապ։ Խոսքը 90 կմ ձգվող ճանապարհի մասին է։ Խաչատուրյանն ընդգծեց, որ այդտեղ երկու պատասխանատուներ կան` խաղաղապահներ, որոնք պետք է ապահովեն անվտանգությունը, և Ադրբեջան, որը խոչընդոտներ չպիտի ստեղծի։ Ըստ նրա` Հայաստանը` որպես այդպիսին, այնտեղ անելիք չունի։

«Հիմա Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում, արհեստական խոչընդոտ է ստեղծել, և դեկտեմբերի 12-ից մինչև այսօր փակ է այդ ճանապարհը։ Որպեսզի հասկանաք, թե ինչ խնդիրներ է դա առաջ բերում, ասեմ` այդ ճանապարհով օրական 300-400 մեքենա է անցել, որը տեղափոխել է Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման համար անհրաժեշտ ամեն ինչ` սննդամթերք, շինանյութ և այլն»,– նշեց Խաչատուրյանը։

Նրա տեղեկություններով` վերջին 40 օրերի ընթացքում ընդամենը 400 մեքենա է անցել, որոնք հիմնականում հումանիտար նպատակներով են տեղափոխություն իրականացրել։
ՀՀ նախագահը համառոտ ներկայացրեց Արցախում ստեղծված իրավիճակը` առաջնային անհրաժեշտության սննդամթերքը կտրոններով են տալիս, խանութներում ոչինչ չի վաճառվում, հովհարային անջատումներ են սկսվել և այլն։

«Կարելի է ասել, որ մինչ դեկտեմբերի 12-ը միջանցքը հստակ աշխատում էր։ Հիմա ես հասկանում եմ, որ ռուսական կողմը չի ցանկանում ուժ կիրառել, նրանք բանակցությունների միջոցով են փորձում հարցը կարգավորել։ Բայց մենք հիմա պահանջ ունենք իրենց նկատմամբ։ Ադրբեջանի նկատմամբ էլ, իհարկե, ունենք, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, արհամարհում է կամ որևէ ձևով չի արձագանքում, բայց մենք հույս ունենք, որ ռուսական կողմը կարձագանքի և ինչ–որ ձևով միջոցներ կկիրառի, որպեսզի կարողանա էդ միջանցքն ապահովել»,– հայտարարեց Խաչատուրյանը։

Նա նշեց, որ մանրամասներին չի տիրապետում, թե ինչ արդյունք կա բանակցություններից, որոնք ամեն օր տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղի ղեկավարների ու ռուս խաղաղապահների միջև։

Բացի այդ՝ Խաչատուրյանը հավելեց, որ երկու օրից Եվրախորհրդարանում քննարկում տեղի կունենա Լաչինի միջանցքի հարցով:

  • Կիսվել: