չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուս խաղաղապահ առաքելության հետ համատեղ պետք է անենք առավելագույնը, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն․ Աղաջանյանը՝ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին

Ռուս խաղաղապահ առաքելության հետ համատեղ պետք է անենք առավելագույնը, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն․ Աղաջանյանը՝ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին

Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելը խնդրահարույց է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՀԿ ԽՎ–ում հայկական պատվիրակության անդամների՝ ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը` անդրադառնալով դեկտեմբերի 3–ին որոշ ժամանակ ճանապարհը փակելու խնդրին։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետում արձանագրված է, որ Լաչինի միջանցքը պետք է գործի  միայն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, եւ Հայաստանի եւ Արցախի միջեւ կապը պետք է լինի անխոչընդոտ: Այս համատեքստում որեւէ խոչընդոտող երեւույթ կամ դետալ անընդունելի է մեզ համար:

Այն, ինչ տեղի է ունեցել մի քանի օր առաջ Լաչինի միջանցքի տարածքում եւ ինչի արդյունքում դե ֆակտո այն փակվել է, բնականաբար, խնդրահարույց է։ Կարծում ենք, որ ռուս խաղաղապահ առաքելության հետ պետք է անենք առավելագույնը, որ նման իրավիճակներ չկրկնվեն»,–ասաց Աղաջանյանը։

Նշենք, որ մի քանի օր առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին, լուրեր էին շրջանառվում, թե Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարությամբ հանդես եկավ` հերքելով այդ լուրերն ու ասելով, որ տարածվող լուրերը կեղծ են։ Նշվում էր, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում, ադրբեջանցիներ չեն լինելու:

 

  • Կիսվել: