հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուս-հայկական բազմադարյա հարաբերությունները շարունակում են զարգանալ. ՌԴ դեսպանատունն ամփոփել է Շոյգույի այցը ՀՀ

Ռուս-հայկական բազմադարյա հարաբերությունները շարունակում են զարգանալ. ՌԴ դեսպանատունն ամփոփել է Շոյգույի այցը ՀՀ

Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունն ամփոփել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Հայաստան այցի արդյունքները: Այն հրապարակվել է Դեսպանատան ֆեյսբուքյան էջում: Դրանում ասվում է.

«Այժմ ռուս-հայկական բազմադարյա հարաբերությունները, չնայած մի շարք խնդրահարույց հարցերի, շարունակում են հետևողականորեն զարգանալ: Դրա վկայություններից մեկն էլ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի Հայաստան կատարած այցի արդյունքներն են:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ռազմատեխնիկական երկկողմ համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:

Հայկական կողմը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին նորագույն սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման հարցում արտոնյալ պայմաններ և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության իրականացման գործում տրամադրած աջակցության համար:

Այցի շրջանակում քննարկվել են նաև արդիական հարցեր՝ կապված Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության հետ:

Հարկ է նշել, որ Հայաստանի տարածքում 102-րդ ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտությունը միշտ ընդգծվում է հենց ՀՀ-ի իշխանությունների, այդ թվում գործող կառավարության կողմից: Կայացած բանակցությունների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ընդգծել է, որ ռուսական զորակազմի և սահմանապահների տեղակայումը ՀՀ-ի տարածքում դիտարկում է որպես զսպող գործոն Անդրկովկասում և հայ-ռուսական բազմադարյա բարեկամության խորհրդանիշ:

Միևնույն ժամանակ հնարավոր չէ չնշել, որ չնայած ՀՀ ղեկավարության հստակ դիրքորոշմանը, մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, օգտագործելով «կերակրված» ԶԼՄ-ներին, փորձում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերությունների մեջ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նրանք չեն կարող չգիտակցել, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող են ունենալ իրենց առաջ բերած մոտեցումները ռուս-հայկական սերտ հարաբերությունների վրա:

Ի՞նչ նպատակ են հետապնդում բազմաթիվ «անկախ» հետազոտությունների հեղինակները, որոնք նշում են ռուսական զորակազմի՝ ՀՀ-ում տեղակայված լինելու կործանարար հետևանքների մասին և ո՞ւմ է ձեռնտու երկու պետությունների պատմական կապերի քայքայումը: Միանշանակ մի բան կարելի է ասել՝ դրանում շահագրգռված չեն գլխավոր մասնակիցները՝ Հայաստաննն ու Ռուսաստանը»:

 

  • Կիսվել: