հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռումինիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ

Ռումինիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ

Ապրիլի 8-ին տեղի ունեցավ Ռումինիայում ՀՀդեսպան Սերգեյ Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Լյուդովիկ Օրբանի հետ։

Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց պրն Օրբանին Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ նոր պատասխանատու պաշտոնում:

Քննարկվեցին երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր՝ հատուկ շեշտ դնելով այն հանգամանքի վրա, որ այս տարի լրանում է Ռումինիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Երկուստեք ընդգծվեց ռումինահայ համայնքի դերը՝ որպես Ռումինիայի հասարակության կարևոր մաս, որը ոչ միայն դարեր շարունակ իր նպաստն է բերել Ռումինիայի զարգացմանը, այլ շարունակում է նաև կապող օղակ հանդիսանալ երկու երկրների փոխհարաբերություններում։

Այդ առիթով ընդգծվեց խորհրդարանական համագործակցության դրական փորձը, ինչի ցայտուն օրինակ է 2019թ. Ռումինիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, համաձայն որի հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հայտարարվել է հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր:

Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում կողմերը գոհունակությամբ նշեցին նաև այն հանգամանքը, որ Ռումինիան ԵՄ անդամ առաջին երկրներից էր, որ 2018թ. սկզբից սկսեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, որ ուժի մեջ է մտել 2021թ. մարտի 1-ից:

Դեսպան Մինասյանը պարոն Օրբանին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ հայ ռազմագերիներին չվերադարձնելու Ադրբեջանի քաղաքականությունը, և անդրադարձավ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերում մարդասիրական հարցերի արծարծման կարևորությանը։

Կողմերը հույս հայտնեցին, որ, համավարակի հաղթահարմանը զուգահեռ, կակտիվանա նաև երկկողմ համագործակցությունը խորհրդարանական մակարդակում՝ միաժամանակ կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը։

  • Կիսվել: